Կիպրոսում մեկնարկել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը
Նմանատիպ
Հոկտեմբերի 5-ին Կիպրոսի Հանրապետության Լարնակա քաղաքում իր աշխատանքները սկսեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցում էին գործկոմի անդամները, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Աշխատանքները սկսելու առիթով ողջույնի խոսք ասացին Կիպրոսի Խորհրդարանում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Կիպրոսի մարզական կազմակերպության կոմիտեի ներկայացուցիչ Անդրոս Լոպպան: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում որոշում կայացվեց 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը: Բացի մրցութային ծրագրից լինելու են նաև ցուցադրական ելույթներ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ որոշվեց ամառային և ձմեռային խաղերի ընթացքում հոգալ Սիրիայի պատվիրակության ժամանման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Ձմեռային առաջին խաղերին մասնակցող մարզիկների գիշերավարձն ու սնունդը:
Գործկոմը որոշեց 2015թ. ամառային խաղերի ծրագրում ընդգրկել հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձևերը: Գործկոմի նիստում Համահայկական խաղերի ծրագրում ավելացան լող մարզաձևի՝ բատերֆլայ 50 և 100մ, թիկնալող 50 և 100մ, փոխանցումալող 4×100մ, համակցված փոխանցումալող 4×100մ ձևերը և աթլետիկայի բարձրացատկ մարզաձևը:
ՀԽՀԿ հերթական նիստը տեղի կունենա 2013թ. մայիսին, Երևանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում