Հայկական ռազմարդյունաբերության այսօրը. ամբողջ տանկի դետալների 20-25%-ը մենք ենք արտադրում (ֆոտո)

Հայկական ռազմարդյունաբերության այսօրը. ամբողջ տանկի դետալների 20-25%-ը մենք ենք արտադրում (ֆոտո)

Չարենցավանի հաստոցաշինական գործարան. այստեղ է երկրորդ կյանք ստանում ՀՀ  ԶՈՒ  զինտեխնիկան:

Տարեկան  մոտ 300-320 դետալ է յուրացվում, նախագծվում  և պատրաստվում  վերանորոգվող  տեխնիկայի  համար՝ զրահատեխնիկա,  հրետանի, և  հատուկ  տեխնիկա:

«Հինը փոխարինում ենք մեր պատրաստածով: Այսօր ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արդեն նախագծվում և արտադրվում է այս գործարանում: Ամեն դետալին երաշիք չենք տալիս, մենք երաշխիք ենք տալիս ընդհանուր վերանորոգված տեխնիկային»,- ասում է գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանը` հավելելով, որ արդեն  հասցրել են յուրացնել զրահատեխնիկայի, հրետանային ու հատուկ տեխնիկայի մոտ 5500 դետալ, որի 70 տոկոսը բաժին է ընկնում տանկերին:

Դեռևս 1972-ից խորհրդային միության  զորահավաքային ծրագրով Չարենցավանի հաստոցաշինական գործարանը նախատեսված էր պատերազմի ժամանակ Տ72 տանկերի նորոգման   համար:   Այսօր  այստեղ նաև ԲՄ 21 գրադ կայաններ են արդիականացվում. շարժիչն են փոխարինում  նորով՝ բենզինայինը՝ դիզելայինով և կրակային մասն են ամբողջովին  նորոգում: Այս պահին վեցն ընթացքի մեջ են:

«Բոլորս ինժեներ-մեքենաշինարար ենք, մեզ համար կապ չունի, թե ինչ մեքենա. ինչ-որ մետաղից է կարող ենք վերանորոգել, արտադրել, արդիականացնել»,-շեշտեց ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը:

Վերջինը տեղեկացրեց, որ  ստեղծված են շրջիկ, արտագնա  վերանորոգող խմբեր, որոնք պարբերաբար այցելում են  զորամասեր,  ավելին՝ մեկնում են տարբեր երկրներ, որոնց անուններն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝  չգաղտնազերծվեցին:

Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվեցին շրջանակային պայմանագրեր։

Ուրալվագոնզավոդ» ընկերությունը զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է Ռուսաստանում, որը մասնավորապես զբաղվում է տանկերի արտադրությամբ, արդիականացմամբ և նորոգմամբ։

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում