«Առավոտ». Բարենպաստ դասավորություն. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտի» գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Քանի որ նախագահական ընտրություններում պաշտոնական առաջադրումներին մնացել է երեք ամսից պակաս, հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գոնե ինչ-որ ակնարկներով պատրաստել հասարակությանը, թե ով է մոտ ժամանակներս մասնակցելու նախագահական մրցավազքին: Օրինակ’ այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Ա1+» ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, արտահայտելով իր անձնական տեսակետը, կարծիք հայտնեց, որ Կոնգրեսի հանրահավաք իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնորոշվի իր թեկնածությունը առաջադրելու կամ չառաջադրելու հարցում, որովհետև հանրահավաքի մասնակիցները, բացի քննադատություն լսելուց, կցանկանան իմանալ, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի մարտավարությունը նախագահական ընտրություններում: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում’ չնայած կա նաև այլ տեսություն, համաձայն որի’ որքան շատ պահես գաղտնիության մշուշը, այնքան լավ: Բոլոր դեպքերում, որքան էլ առաջին նախագահը ցանկանա օր առաջ վերադառնալ իր գրքերին, նա չառաջադրվելու, ինչպես ասում են, տարբերակ չունի, քանի որ հակառակ դեպքում Կոնգրեսը, որպես միասնական ուժ, այլևս գոյություն չի ունենա: Պարզ է, որ ՀԱԿ-ի բոլոր լիդերներն իրենցից բարձր են դասում միայն Տեր-Պետրոսյանին, իսկ երկրորդ տեղում տեսնում են հենց իրենց, իսկ դա նշանակում է, որ ոչ մի այլ թեկնածություն նրանք չեն ընդունի: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն թեմայով հանդես եկավ ԲՀԿ առանցքային դեմքերից մեկը’ Վարդան Օսկանյանը, որը կարծիք հայտնեց, թե իր կուսակցությունը պետք է հանդես գա իր սեփական թեկնածուով, և ցանկալի է, որ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց եթե վերջինս չհամաձայնի, ապա ինքը’ Օսկանյանը, նույնպես պատրաստ է մասնակցել ընտրություններին: Դա նույնպես միանգամայն ճիշտ մոտեցում է. որոշակի ընտրազանգվածային և նյութական ռեսուրս ունեցող կուսակցությունը պետք է առաջ քաշի իր լիդերին, ոչ թե օգնի այլ գործիչների, այդ թվում’ նախկին կամ ներկա նախագահներին: Ստացվում է, որ ՀՀԿ-ի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է , դա ակնհայտ է առանց որևէ վերլուծության], ՀԱԿ-ինը’ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ինը’ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Եթե մոտակա երեք ամիսներին որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա նախագահի հիմնական թեկնածուները կլինեն այս չորս գործիչները: Եթե այդպես լինի, ապա, ինձ թվում է, նրանց մրցակցությունը կլինի ավելի խաղաղ, հանդարտ և, կարելի է ասել, «դասական», քան երբևէ եղել է նախորդ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ: Արդեն ասել եմ, որ այդ չորս գործիչներից ոչ մեկից ես վտանգ չեմ զգում: Որովհետև նրանք, շատ տարբեր լինելով, ադեկվատ, հոգեկան լուրջ շեղումներ չունեցող մարդիկ են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում