Տիգրան Խաչատրյանի գործով անակնկալների սպասեք. Հայկ Ալումյան (տեսանյութ)
Նմանատիպ
Գորիսի դեպքերի գործով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը վստահ է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը չէր կալանավորվի, եթե չլիներ ԶԼՄ-ի հետևողական ուշադրությունը: Միաժամանակ, փաստաբանը նախազգուշացնում է այս գործով հնարավոր անակնկալների մասին:
«Չգիտեմ հիմա ինչ մեթոդ կընտրեն նրան քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու համար, դժվար է կանխատեսել, բայց ինչ-որ բան կփորձեն անել։ Շատ հավանական է, որ դա կանեն այն փուլում, երբ մամուլն արձակուրդի մեջ կլինի, այ հենց այդ փուլում էլ սպասեք անակնկալների»,-լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ հուլիսի 27-ին կալանավորվել է Տիգրան Խաչատրյանը. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ինչ վերաբերում է 2013թ-ի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործին, Բուդաղյանների փաստաբանը նկատեց, որ գործն արհեստականորեն ձգձգվում է. «Անհասկանալի պատճառներով գործի քննությունը հետաձգվել է մինչև օգոստոսի 6-ը՝ հավանաբար հաշվի առնելով, որ այդ ժամանակ մամուլն ավելի պասիվ է, մարդիկ զբաղված են իրենց հանգիստը կազմակերպելով և շատ հարմար առիթ է անարդար որոշումների կայացման համար»:
Հավելենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի հերթական դատական նիստը նախատեսված է օգոստոսի 12-ին: Մինչ այդ` օգոստոսի 6-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարում շարունակվելու է քննարկվել երեք բողոք մեկ վարույթում, որը ներկայացրել է Բուդաղյանների փաստաբանը:
Ինչ վերաբերում է մարզպետի մեքենայի վրա կրակելուն, Հայկ Ալումյանը պնդեց, որ Արա Բուդաղյանին անհիմն են կալանավորել:
Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում