Երեւանը կսերտացնի համագործակցությունը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հետ
Նմանատիպ
Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության և անդամակից Երևանի համագործակցության սերտացման հեռանկարներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կազմակերպության նախագահ, Նիդերլանդների Բիմսթեր քաղաքի քաղաքապետ Հարրի Բրինքմանի հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև հոկտեմբերի 7-8-ին Էջմիածնում անցկացված Տնօրենների խորհրդի նիստի պատվիրակներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանի անդամակցությունը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը և նկատել, որ պատմամշակութային արժեքների պահպանություն գործում ցանկալի արդյունավետության համար անհրաժեշտ է ակտիվացնել գործակցությունը:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով կազմակերպության հաջողված ծրագրերը՝ հյուրերը նկատել են, որ Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հետ համագործակցությունը Երևանին միջազգային ճանաչման հավելյալ հնարավորություն կընձեռի և պատմամշակութային արժեքների պահպանման հարցեր ներկայացնելու լայն հարթակ կդառնա: Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության նախագահը Երևանի քաղաքապետին հրավիրել է մասնակցելու կազմակերպության խորհրդի՝ 2013 թվականի նոյեմբերին Մեխիկոյում կայանալիք նիստին:
Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հիմքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի’ համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է: Կազմակերպությանն անդամակցում են 238 քաղաքներ, որտեղ գտնվում են այնպիսի վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում