Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների հանձնում
Նմանատիպ
Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում’ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին:
Արարողության ընթացքում մեծարյալների կյանքին և ազգօգուտ գործունեությանն անդրադարձան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը և դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի միաբաններ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Տ. Մուշեղ եպիկոպոս Բաբայանը:
Սաբիր Ստեփանյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշված է. «…Աստվածպարգև Ձեր կյանքը Դուք, որպես նվիրյալ հայորդի, ապրել եք Հայրենի մեր երկրի հանդեպ որդիական սիրով’ միշտ ձգտելով Տիրոջից Ձեզ պարգևված շնորհները ծառայեցնել հավատավոր մեր ժողովրդին£ Դուք բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք Խորհրդային տարիներին’ նվիրյալ ջանքեր բերելով Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացին: Անկախությունից հետո շարունակեցիք աննվազ նախանձախնդրությամբ Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը ի սպաս դնել Հայրենիքի զորացման ու պայծառության սուրբ գործին… Սիրելի պրն. Ստեփանյան, Ձեզ հետ Մեր տասնամյակների բարեկամության ընթացքին Մենք մշտապես զգացել ենք Ձեր ջերմ սերն ու նվիրումըª հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և հոգևոր մեր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:
Տիար Մանուկ Վարդանյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «…Երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ’ Դուք Ձեր կարողություններն ու փորձառությունը ի սպաս եք բերում մեր երկրի շինությանն ու պայծառությանը: Ձեր աշխատանքի մեջ արձանագրված հաջողություններն արդյունքն են Ձեր աստվածասեր ու հայրենասեր ոգու և բարեխիղճ, նախանձախնդիր ծառայության:
Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած Ձեր ծառայություններին: …Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ Ձեզ պես հավատավոր Մեր զավակները շարունակում են եկեղեցանվեր իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը պատվո շքանշանները հանձնեց Սաբիր Ստեփանյանին ու Վարդան Մանուկյանին, ովքեր, իրենց հերթին, խորին շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը հայրապետական բարձր գնահատանքի համար:
Հանդիսությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, վերստին շնորհավորելով շքանշանակիրներին, անդրադարձավ նրանց նվիրյալ ու ազգօգուտ գործունեությանը և մաղթեց, որ Բարին Աստված Իր հանապազ օրհնության ներքո միշտ քաջառողջ ու երջանիկ պահի նրանց’ առաջնորդելով եկեղեցաշեն ու հայրենանվեր նորանոր իրագործումների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում