«Առավոտ». Խավիարային դիվանագիտություն. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է. ««Խավիարային դիվանագիտության» եզրույթին ես առաջին անգամ հանդիպեցի ոչ թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակների ելույթներում, այլ մի քանի ամիս առաջ BBC-ի կայքում’ (http://www.bbc.co. uk/russian/international/2012/06/120613_azeri_diplo macy_caviar_esi.shtmlj): Այդ հրապարակման մեջ խոսքն այն մասին էր, որ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» [European Stability Initiative] հասարակական կազմակերպությունը, որն, ի դեպ, հայերի հետ բացարձակապես կապ չունի, բրիտանական խորհրդարանին զեկույց է ներկայացրել, համաձայն որի’ Ադրբեջանի իշխանությունը փորձում է չեզոքացնել քննադատությունն իր հասցեին’ կաշառելով Եվրոպայի խորհրդի պատգամավորներին: Այդպիսով փորձ է արվում քողարկել մարդու իրավունքների աղաղակող խախտումները հարևան երկրում: Զեկույցն այդպես էլ կոչվում էր’ «Խավիարային դիվանագիտությունը»’ չնայած խոսքը ոչ միայն բուն խավիարի, այլև կաշառքի բազմաթիվ այլ ձևերի մասին է: Օրինակ, իմ տեղեկություններով, եթե եվրոպական որևէ պաշտոնյա (ոչ միայն ԵԽԽՎ-ից) մտադրվում է գնալ Բաքու, ապա նրա տոմսը ավտոմատ ձևով դառնում է «բիզնես կլասի», հյուրանոցը’ 5 աստղանի, մնացած հնարավորությունները’ շքեղ ու շռայլ, և այդ ամենը, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունների հաշվին: Եվ եվրոպացիներն այնքան, կոպիտ ասած, «նաֆսից թույլ» են գտնվում, որ մեծ հաճույքով ընդունում են այդ նվերները և իրենց զեկույցներում ու հաղորդագրություններում մեղմ գույներով են ներկայացնում ադրբեջանական «ժողովրդավարության» խնդիրները: Ասում են նաև, որ ոչ մի ավտորիտար երկիր այդպիսի հսկայական միջոցներ չի ծախսում’ իր խնդիրները կոծկելու համար: Եվ դրա մեջ իմաստ կա. Ռուսաստանն, օրինակ, դրա կարիքը չունի’ եթե նույն Եվրոպայի խորհուրդը Կրեմլին ինչ-որ անհաճո բանաձև է ընդունում, այնտեղ բաց տեքստով հայտարարում են, որ չեն պատրաստվում այդ բանաձևում տեղ գտած «խորհուրդներին» հետևել:
Ադրբեջանի կամ մեր նման երկրները, հասկանալի պատճառով, չեն կարող իրենց այդպիսի վերաբերմունք թույլ տալ’ մենք պետք է մտածենք մեր դրական իմիջի մասին: Բայց Հայաստանի դեպքում կա շատ ավելի կարճ ճանապարհ, քան եվրոպացիներին կաշառելն է’ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խավիար չունենք: Մանավանդ, որ մեր պրոբլեմները’ կապված ժողովրդավարության հետ, շատ ավելի թեթև են, քան Ադրբեջանում: Ավելին’ դրանք ավելի թեթև են, քան 2009-10 թվականներին: Ինչի՞ համար անել սխալ քայլեր և փորձել դրանք արդարացնել կամ կոծկել: Մասնավորապես, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների մոտակա ամիսների խնդիրներն այս առումով պետք է լինեն’ ա/ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը և բոլոր 4 տղաներին շատ ավելի մեղմ պատիժներ նշանակելը, բ/ Օսկանյանի գործի «ոչ քրեական» հանգուցալուծումը: Հասկանում եմ, որ երկու դեպքում էլ կուսակցականներն ավելին են պահանջում’ կատարյալ արդարացում և այլն: Բայց ավելորդ մաքսիմալիզմը հաճախ նման դեպքերում խանգարում է»: