Սբ. Էջմիածնում անցկացվեց «Անցյալի պահպանություն’ հանուն ապագայի» հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը
Նմանատիպ
2012 թ. Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց և 2012 թ. հոկտեմբերի 5-6-ը անցկացվեց «Անցյալի պահպանություն’ հանուն ապագայի» հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Երկօրյա համաժողովի մասնակիցները ձևավորեցին գործադիր մարմին հետևյալ կազմով.
Տեր Արարատ քահանա Պողոսյան-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մամուլի բաժնի տեխնիկական խմբագիր,
Տեր Ասողիկ քահանա Կարապետյան-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն,
Տիգրան Զարգարյան- Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն,
Տիրայր արքեպիսկոպոս Փանոսյան-Լիբանան, Անթիլիաս, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մատենադարանի տեսուչ,
Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյան- Մեծ Բրիտանիա, Լոնդոնի Ս. Եղիշե եկեղեցու հոգևոր հովիվ,
Արա Ղազարյանց-ԱՄՆ, Բոստոն, Հայ մշակութային հիմնարկության տնօրեն,
Փիթեր Քաուի-ԱՄՆ, Լոս Անջելես, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվ. հայագիտության ամբիոնի վարիչ,
Միհրան Մինասյան- Սիրիա, Հալեպ,
Ռոբեր Տեր-Մերկերյան-Ֆրանսիա, Մարսել,
Անդրանիկ Տագիսյան- Լիբանան, Բեյրութ, Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն,
Դավիթ Ղազարյան- ՀՀ, Մատենադարան-Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահերազոտական ինստիտուտ,
Կարո Մինասյան- ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:
Համաժողովը արձանագրեց դրական տեղաշարժերը, որ տեղի են ունեցել հայկական գրադարանների առաջին համաժողովից հետո, արձանագրեց, որ գրադարանային հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք. ձևավորվել է.
ա. հայերեն հնատիպ գրքի համահավաք շտեմարանը,
բ. Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակը,
գ. հայկական գիտատեղեկատվական հանգույցը: Դրանք առ 2012 թ. հոկտեմբերի 1 պարունակում են 800.000-ից ավելի գրառում և 500.000-ից ավելի թվայնացված էջ: Թվայնացված նյութերը հասանելի են www.nla.am և www.flib.sci.am կայքերում:
Գործադիր մարմինը կմշակի համագումարի կանոնադրությունը և մինչև 2013 թ. մարտի 1-ը կներկայացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու ՀՀ մշակույթի նախարարություն:
Համաժողովը որոշեց գրադարանավարների համահայկական համաժողով հրավիրել երկամյա պարբերականությամբ, Թարգմանչաց տոնին’ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Գրադարանային գործի առաջընթացն ապահովելու, ժամանակակից մարտահրավերների պայմաններում գրադարանների աշխատանքն առավել արդյունավետ ուղղությամբ տանելու նպատակով համաժողովը որոշեց.
1. ՀՀ մշակույթի նախարարությանը կից գրադարանների խորհրդի կազմում ընդգրկել Սփյուռքի գրադարանների ներկայացուցիչներին, որոնց հետ կապ կպահպանվի նաև հեռահաղորդակցման միջոցով,
2. Հայաստանի ազգային գրադարանին հանձնարարել ստեղծել էլեկտրոնային գրանցահամակարգ, որտեղ կգրանցվեն Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայկական գրադարանները և հայագիտական հաստատությունները,
3. Սփյուռքի գրադարանների պատասխանատուների մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանում տարին մեկ անգամ կազմակերպել և անցկացնել «Վարպետաց դասեր»։ Հանձնարարել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենին կազմելու ուսուցողական դասընթացների բյուջեն և դասավանդող առարկաների համառոտ նկարագրությունը։
4. Դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը ապահովելու «Վարպետաց դասերի» անցկացման ֆինանսական աջակցությունը։
5. ՀՀ կառավարության հատուկ ուշադրությունը հրավիրել Սփյուռքում առկա և ազգային մտավոր ժառանգության մաս կազմող վտանգված, լքյալ, անուշադրության մատնված հավաքածուների և գրադարանների վրա,
6. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ազգային գրադարանից համապատասխան մասնագետներ գործուղել Սփյուռքի գրադարաններ’ տեղերում մեթոդական օգնություն կազմակերպելու համար,
7. Խթանել ՀՀ և Սփյուռքի գրադարանների միջև գրքափոխանակության աշխուժացմանը’ դրանում կարևորելով ինչպես ՀՀ մշակույթի, սփյուռքի, արտաքին գործերի նախարարությունների պատասխանատուների, այնպես էլ կրոնական կառույցների’Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայ Կաթողիկե եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու շահագրգիռ մասնակցությունը,
8. Առաջարկել ՀՀ մշակույթի նախարարությանը «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում կետ մտցնել արտերկրից պետական գրադարաններին նվիրաբերվող և համալրման տրվող գրքերը հարկերից և տուրքերից ազատելու ուղղությամբ,
9. Դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը’ ֆինանսավորելու արտերկրի գրադարաններին և հաստատություններին’ հնատիպ ու հազվագյուտ գրքերի և պարբերական մամուլի թվայնացման գործընթացը տեղերում կազմակերպելու համար,
10. Հայաստանի ազգային գրադարանին հանձնարարել ապահովել հայ հնատիպ գրքի և հայ պարբերական մամուլի գրադարանային համահավաք շտեմարանի ձևավորման և հանրայնացման աշխատանքները,
11. Ստեղծել պետական հաստատություններում առկա, ինչպես նաև մասնավոր հավաքածուներ հայտնաբերող, ուսումնասիրող և դրանք շրջանառության մեջ դնող հանձնախումբ,
12. Մասնակից հաստատություններին հանձնարարել մշակել Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների հստակ ծրագիր’ 2014 թ. գրադարանավարների 3-րդ համաժողովին ներկայացնելու համար,
13. Սոցիալական ցանցերում տեսանելի դարձնել համաժողովի աշխատանքները:
Համաժողովն իր մտահոգությունն է հայտնում հրատարակվող գրականության բովանդակության առնչությամբ և հորդորում է պատկան մարմիններին.
ա. ուժեղացնել վերահսկողական լծակները’ կանխելու համար մատաղ սերնդի հոգին ու միտքը խեղող գրքերի հրատարակությունը,
բ. խրախուսել ազգային նկարագրի ձևավորմանն ու կերտմանը միտված գրքերի հրատարակությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում