Կառավարության նիստում քննարկվել են կրթության համակարգի բարեփոխումները

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը և ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, որոշմամբ կապահովվի բարձրագույն կրթության մատչելիությունը’ ուսանողների աջակցության և ընտանիքների անապահովության գնահատման համակարգերի միջոցով։ Հաջորդ որոշմամբ Հայաստանի տեխնոլոգիաների և նորարարության զարգացման նպատակով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում ազգային ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով համաֆինանսավորման կարգով հատկացվել է ավելի քան 142 մլն դրամ։ Նախահաշվով նախատեսված ծախսի շուրջ 59 տոկոսը կիրականացվի համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այս որոշումների առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու հանգամանք. առաջին’ «ընտանիքի ֆինանսական վիճակը չպետք է պատճառ դառնա, որ երեխաները զրկված լինեն կրթություն ստանալուց։ Երկրորդ, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընթացքում մենք ստանձնել էինք ֆինանսական միջոցներ հատկացնելու պատասխանատվություն։ Նաև գիտության ֆինանսավորման տեսակետից սա խիստ արդիական է, մանավանդ որ այս խնդիրները մեր նախընտրական ծրագրի կարևորագույն խոստումներից են և գտնվում են Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում, ուստի մենք պարտավոր ենք մեր հասարակությանն իրազեկել դրանց մասին»։ Վարչապետի հանձնարարությամբ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարը։

Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ’ իր նախկին որոշումներից մեկում’ կառավարությունը ս.թ. հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների երկրորդ համագումարի կազմակերպման նպատակով հատկացրել է շուրջ 6.5 մլն դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում