Կառավարությունը կվճարի սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը

2013 թվականի սեպտեմբերի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 ուսանողների ուսման վարձավճարներն ուսանողական նպաստի միջոցով, ամբողջությամբ կամ մասնակիորեն, կհատկացվի պետության կողմից: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Գործադիրն իր հոկտեմբերի 10-ի նիստում արդեն իսկ հաստատել է ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման նոր կարգն’ անապահով ընտանիքների ուսանողների համար 50-ից մինչև 100 տոկոս ուսման վարձի վճարի փոխհատուցման տարբերակներով:

«Սա ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է: Հարցը գտնվում է նաև ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում: Այսպիսով, անապահով ընտանիքների երեխաներն այլևս չեն մտահոգվի իրենց ուսման վարձի շուրջ և կկարողանան ստանալ բարձրագույն կրթություն պետության աջակցությամբ»,- ասել է Աշոտյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ մինչև 2015 թվականն այս համակարգից օգտվող ուսանողների թիվը կհասնի 2500-ի:

Անդրադառնալով հանրապետությունում Ազգային ճարտարագիտական լաբորատորիա ստեղծելու ծրագրին՝ Աշոտյանը նշել է, որ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները հասել են իրենց ավարտին: ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, հանրահայտ «National Instruments» կորպորոցիայի և ՀՀ ճարտարագիտական պետական համալսարանի ջանքերով կիրականցվի 6,2 մլն դոլարի ներդրում: «Սա աննախադեպ ներդրում է ճարտարագիտական կրթության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում Հայաստանում կստեղծվեն 30-ից ավելի լաբորատորիաներ, որտեղ ուսանողները կստանան արդիական գիտելիքներ: Կարծում ենք՝ այս ծրագիրը ճարտագիտության բնագավառի զարգացման շրջադարձային քայլ է»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում