«Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան մեկնարկում է վաղը
Նմանատիպ
Վաղը Արյունաբանական կենտրոնում կմեկնարկի «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան: Ակցիան կազմակերպել են «The Laboratory», «Be Informed» ՀԿ և Արյունաբանական կենտրոնը: Այն նվիրված է լինելու Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդներին և արյունատվության ընթացքում հավաքագրված արյունը ԱՆՎՃԱՐ տրամադրվելու է այդ հիվանդներին:
Կազմակերպիչների հաղորդմամբ, արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Այս դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 13 000 արյունատվություն: Սակայն կա հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:
«Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ’ պետք է նշել, որ անհատույց դոնորությունը ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզվի, լուսաբանվի մեր հասարակության մեջ և խրախուսվի վերջինիս կողմից:
Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք’ միայն մեր կողմից հանձնած արյան շնորհիվ հնարավորություն կստեղծվի փրկել մարդկանց կյանքերը: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անհատույց»,-նշում են ակցիայի կազմակերպիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում