«Սիվիլիթաս» հիմնադրամ. հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը
Նմանատիպ
Այսօր, հոկտեմբերի 10-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը: Վերջին օրերին անհայտ անձինք մեծ հետաքրքրությամբ և «սրտացավությամբ» հետևում են Սիվիլիթասի աշխատակիցներին, թե ինչպես են նրանք ստորագրահավաք կազմակերպում փողոցներում՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների: Այդ անհայտ անձինք չեն խորշում անգամ հիմնադրամի աշխատակիցներին ուղեկցել մինչև տուն։
Մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Այն որևէ կերպ չի տեղավորվում կառավարական որևէ օղակի պատասխանատվության շրջանակներում։ Եթե հարկային ճնշումներն ու որոշ լրատվամիջոցների անհիմն հրապարակումները ի վիճակի չեղան թուլացնել Սիվիլիթասի աշխատակիցների վճռականությունը, այս միջոցներն էլ են ապարդյուն լինելու։
Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում