«Առավոտ». Մի´ ստեղծեք դաշինքներ, մի´ մտեք ալյանսների մեջ, մի´ ձևավորեք կոալիցիաներ. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Մեր երկրում քաղաքական կոալիցիաները միշտ տխուր ճակատագրեր են ունեցել: Օրինակ’ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձևավորված քառակողմ կոալիցիայի երկու կողմերն այսօր փաստացի ընդդիմության մեջ են և այնպես են խարազանում իշխանության թերությունները [հաճախ արդարացիորեն], որ կարելի է եզրակացնել’ նրանք երբեք իշխանության մաս չեն կազմել: 90-ականների «Հանրապետություն» իշխանամետ դաշինքի մեծ մասը [այդ թվում’ ՀՀԿ-ն] մեկ գիշերում դարձավ երկրապահ’ կանգնելով ուժեղի կողքին: «Միասնություն» դաշինքը «հոկտեմբերին 27-ից» հետո, ըստ էության, ոչնչացավ: «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի տարբեր անդամներ այսօր շատ տարբեր տեղերում են: Եվ այլն: Պատճառն այն է, որ այդ կոալիցիաների անդամները չունեն ոչ միայն գաղափարական, այլև մարտավարական ընդհանրություններ: Դրանց բոլորի իմաստը հետևյալն է. առկա է ինչ-որ մի ուժ, որը շանսեր ունի իշխելու կամ հայտնվելու խորհրդարանում, այդ ուժը հավակնություններ ունի իր շուրջը ինչ-որ «կոնսոլիդացիայի» պատրանբ ստեղծելու և հանուն իր այդ ամբիցիաների իր հետ քաշում է մի քանի այլ գործիչների, որոնք սովորաբար հայտնվում են «աղքատ ազգականների» կարգավիճակում: Այդ’ բավականին նվաստացուցիչ դերը նրանց վաղ թե ուշ ձանձրացնում է, և առաջին իսկ հարմար պահին այդ «կցված» գործիչները «թռնում են» իրենց «կոնսոլիդացնողի» վրայից: Բացառություն չէ նաև «Ժառանգությունը», որը վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ ակնհայտորեն սխալ որոշում է կայացրել’ իր կազմում ընդգրկել «Ազատ դեմկրատների» և, այսպես կոչված, «հասարակական սեկտորը» [թե ինչ է դա իրականում նշանակում, ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում]: Արդյունքում նախորդ գումարման խորհրդարանում արդյունավետ աշխատած և ժողովրդի գիտակից մասի կողմից դրականորեն ընկալվող գործիչները այս անգամ պատգամավոր չդարձան’ իրենց տեղը զիջելով «Ազատ դեմոկրատներին», որոնք, իհարկե, շատ հարգարժան մարդիկ են, բայց «Ժառանգության» «բրենդի» տակ չեն ընկալվում: Ի դեպ, անձամբ ես նաև Ռուբեն Հակոբյանին շարունակում եմ ընկալել որպես դաշնակցական’ հավանաբար այն պատճառով, որ 95-ի առաջին «կեղծ» խորհրդարանում նա միայնակ էր ներկայացնում այդ կուսակցությունը: Հիմա «Ժառանգության» խմբակցությունում իրավիճակը առավել քան տարօրինակ է. «Ազատ դեմոկրատները» կարծես թե ցանկանում է բաժանվել «Ժառանգությունից», Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից, և ԱԺ-ում որպես միակ «մաքուր ժառանգական» մնացել է Զարուհի Փոստանջյանը:
Այդ փորձը գոնե հետագայի համար պետք է հաշվի առնել: Սիրելի կուսակցականներ, մի´ ստեղծեք դաշինքներ, մի´ մտեք ալյանսների մեջ, մի´ ձևավորեք կոալիցիաներ, ոչ մեկին մի´ «կոնսոլիդացրեք»: Դրանից երբեք ոչ մի լավ բան չի ստացվում»: