«Հայկական ժամանակ». Պուտինի այցը Հայաստան կկայանա հոկտեմբերի վերջին
Նմանատիպ
«Հժ» աղբյուրները հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, թերևս, կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Պուտինը ՀՀ պետք է գար սեպտեմբերին’ մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: ՀՀ-ում ՌԴ դեսպանը, զորավարժություններից մի քանի օր անց, հայտարարեց, որ Պուտինի հայաստանյան այցը դեռ օրակարգում է: Այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է այցը հոկտեմբերի վերջին’ նոյեմբերի սկզբին կազմակերպելու հարցը: Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաև Երեանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ ոուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ Գազպրոմբանկի առաջին փոխնախագահն է: Հենց այդ այցի ընթացքում էլ Պուտինի հետ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը: Իշխանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ վարչապետի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն: Հակառակը կարող է լինել միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ որոշակի համաձայնության չգալու պարագայում: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հասնել նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, ապա նա ստիպված է լինելու վարչապետ փոխել նախագահական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ, սակայն, Կարեն Կարապետյանին պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ նախագահական ընտրություններից հետո նա շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանը, ինչպես արդեն գրել է թերթը, վարչապետի ընդունելի թեկնածու է և´ ՀՀԿ-ի, և´ ԲՀԿ-ի համար:
Հ.Գ. Երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հետաձգվել է նաև Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նախատեսված էր, որ այցը կայանալու է առաջիկա հոկտեմբերի 14-15-ին, իսկ Անկարայից ՌԴ նախագահը մտադիր էր մեկնել Բաքու: Ինչպես փոխանցում են ռուսական զլմ-ները, երեկ տեղի է ունեցել Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում, Պուտինի նախաձեռնությամբ, որոշվել է այցը հետաձգել մինչև նոյեմբեր: Սա նշանակում է, որ ՌԴ նախագահը նախընտրել է պահպանել պարիտետը և նոյեմբերին տարածաշրջանային այց կատարել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան: