Բաց նամակ Բնապահպանության նախարարին. առաջարկում են ստեղծել ԲՀՊՏ-ների համատեղ հասարակական մոնիթորինգի խումբ
Նմանատիպ
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը բաց նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն Ա. Հարությունյան,
Վերջերս «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում թե՛ ակտիվիստների և թե՛ Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից հնչեցվեցին փոխադարձ մեղադրանքներ: Այսպիսով ստեծվել է մի իրավիճակ’ երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերական այցերը շարունակվելու են իսկ պետական մարմինների կողմից դա դիտվելու է, որպես պահպանման ռեժիմի խախտում, ինչն էլ բերելու է հերթական առճակատման:
ԲՀՊՏ-ներում պարբերաբար հայտնաբերվող պահպանման ռեժիմի խախտումները հասարակության շրջանում ստեղծել են անվստահության մթնոլորտ: Այն փարատելու և հետագայում նման միջադեպերը կանխելու նպատակով «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն առաջարկում է ՀՀ Բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ակտիվ ներգրավմամբ ստեղծել ԲՀՊՏ-ների համատեղ հասարակական մոնիթորինգի խումբ:
Այսպիսով՝ Ձեր և շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանն ենք ներկայացնում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից պատրաստված առաջարկը:
Նպատակը
ՀՀ Բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ակտիվ ներգրավմամբ ստեղծել ԲՀՊՏ-ների հասարակական մոնիթորինգի համատեղ խումբ, որի անդամները կունենան անարգել մուտքի թույլտվություն և պարբերաբար այցելություններ կիրականացնեն ԲՀՊՏ-ներ, հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ ԲՀՊՏ-ների խնդիրներին և գործունեությանը:
Առաջարկում ենք հետևյալ հիմնական դրույթները.
• Խումբը կազմված է լինելու ՀՀ Բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներից:
• Մոնիթորինգի խումբը ստեղծվում է ՀՀ ԲՆ կողմից’ շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական շարժումների հետ համատեղ մշակման արդյունքում: Խմբին կարող են անդամագրվել բնապահպանական, գիտական և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական շարժումների ներկայացուցիչները:
• Գրանցված յուրաքանչուր կազմակերպությունից կամ քաղաքացիական շարժումից խումբ կարող է ներգրավվել մեկական ներկայացուցիչ: Ներկայացուցիչների ցանկը հաստատվում է ՀՀ ԲՆ կողմից, և նրանց տրվում է բոլոր ԲՀՊՏ-ների մուտքի անցագիր 1 տարի ժամկետով:
• Անցագիրը հնարավորություն է տալիս. ա/ ամիսը 3 անգամ իրականացնել այցելություններ ցանկացած ԲՀՊՏ տեղամաս, որոնք կուղեկցվեն տվյալ տեղամասի տեսուչի կամ պատասխանատու անձանց կողմից, բ/ իրականացնել գործունեության դիտարկում, օպերատիվ կերպով բանավոր և գրավոր տեղեկություն ստանալ ԲՀՊՏ-ի գործունեության վերաբերյալ:
• Այցելությունները կարող են իրականացվել խմբում ներգրավված առնվազն 3 ներկայացուցչի մասնակցությամբ: ԲՀՊՏ այցելություն իրականացնող խմբին ԲՀՊՏ ղեկավարությունը պարտավոր է անհապաղ (15 րոպե) տրամադրել ուղեկցող անձ: Անհապաղ ուղեկցող անձ չտրամադրելու դեպքում մոնիթորինգ իրականացնող խումբը իրավունք ունի առանց ուղեկցող անձի մտնել ԲՀՊՏ տարածք և իրականացնել մոնիթորինգ /առանց ԲՀՊՏ պահպանման ռեժիմի խախտման/ մինչև ուղեկցող անձի ժամանումը մոնիթորինգի վայր:
• Մոնիթորինգի վայրը և երթուղին որոշում են մոնիթորինգը իրականացնող խմբի անդամները:
• Մոնիթորինգի ընթացքում արձանագրված պահպանման ռեժիմի խախտումների վերաբերյալ մոնիթորինգի խումբը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել ԲՀՊՏ ղեկավարությանը և այլ պատկան մարմիններին:
• Այցելության արդյունքների վերաբերյալ այցելության ավարտին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են մոնիթորինգն իրականացրած ներկայացուցիչները և ԲՀՊՏ կողմից նշանակված ուղեկցող անձը: Խմբի թափանցիկ գործունեությունն ապահովելու համար բոլոր արձանագրությունները կտեղադրվեն ՀՀ ԲՆ և մոնիթորինգին մասնակից կազմակերպությունների կայքերում, սոցիալական ցանցերում: Պարբերական կիրականացվեն հանրային հաշվետվություններ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում