Մենք հո վարձկաններ չե՞նք, առանց որևէ ակնկալիքի ենք արել, մեր պատվի համար. Եռաբլուրում հիշել են ԱՍԱԼԱ-ի մարտիկներին (ֆոտո, տեսանյութ)
Նմանատիպ
Ծաղկեպսակադրություն և հարգանքի տուրք. այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշեցին ԱՍԱԼԱ-ի մարտիկներին և «Կարին» գործողության մասնակիցներին՝ ՀԱՀԳԲ-Ի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 40-րդ և «Կարին» գործողության 33-րդ տարեդարձների առիթով: ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը, ով 1985թ.-ին Ֆրանսիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 1983թ. Օռլի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու համար և (ինչի հետևանքով 8 մարդ էր մահացել) և 2001թ. տեղափոխվել Հայաստան, ասում է, որ եթե անգամ անձերին անհատապես չհիշեն, ԱՍԱԼԱ-ի պայքարը պիտի միշտ հիշեն:
«Այն, ինչ արել ենք, եղել է առանց որևէ ակնկալիքի, ովքեր զոհվեցին, բանտարկվեցին: Մենք հո վարձկաններ չե՞նք, մեր խղճի, մեր հպարտության, մեր պատվի համար ենք պայքարել»,- ասում է նա:
Իր հերթին ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը հավելում է՝ այսօր նույն խելքին եմ, նույն մտքին, ինչ 34 տարի առաջ, երբ «Վան» գործողությունն իրականացրեցինք:
«40, 50, 60 տարի մեր մեջ ոչինչ չի փոխել. քանի դեռ Արևմտյան Հայաստանը գրավված է, մեր պայքարը շարունակվում է: Ինչ վերաբերում է «Կարին» գործողությանը, ապա այն առանձնահատուկ էր նրանով, որ անցկացվեց հենց Թուրքիայի տարածքում»,-հավելում է Սիսլյանը՝ շեշտելով, որ իրենց համար լավագույն գնահատականը Հայկական բանակի ստեղծումն է, նա վստահ է՝ այսօր կան իրենց ոգին ունեցող երիտասարդներ:
Times.am-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիա-ԻՊ պայքարին, Վազգեն Սիսլյանը նկատեց.«Թուրքերն ինչ անում են, ասում են, թե ԱՍԱԼԱ-ն է հետևում, դա մեզ համար վատ չէ, իսկ ԻՊ-ից վտանգներ բոլորն ունեն»:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանն էլ իր խոսքում թվարկեց այն կարևոր արդյունքները, որն ունեցանք ԱՍԱԼԱ-ի պայքարից: Այն է՝ շնորհիվ Հայ գաղտնի բանակի կասեցվեց «սպիտակ» եղեռնը, երկրորդ՝ խորհրդային միության տարիներին Հայկական հարցը ճանաչելի և լսելի դարձավ, տեղեկացվածության հարց լուծվեց, երրորդ՝ արևմտյան և արևելյան հատվածներում պայքարող մարտիկների միջև համախմբում եղավ, այդ թվում՝ ռազմական գործողություններում: Գեներալն այստեղ չմոռացավ ԱՍԱԼԱ-ի այն մարտիկներին, որոնք անտարբեր չմնացին և միացան արցախյան պատերազմին:
Վերադառնալով օրվա խորհրդին՝ «Կարին» գործողության 33-րդ տարեդարձին, հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը՝ «նահատակ Փիեր Գյուլումյան» խմբի համագործակցությամբ, 1982թ.-ի օգոստոսի 7-ին ժամը 3-ին Զոհրապ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրեց ռազմական գործողություն՝ ատրճանակներով և նռնակներով զինված մուտք գործելով Անկարայի «Էսենբողա» օդանավակայան։ Գործողության թիրախը եղել են թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։
Սկզբնական փոխհրաձգության և պայթյունների հետևանքով զոհվեց 7 զինվոր, իսկ օդանավակայանի սպասասրահի տերմինալն անցավ հայազգի մարտիկների վերահսկողությանը։ Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության ղեկավարը,, անվտանգության ծառայության սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներ։ Թուրքական իշխանություններն օդանավակայան բերեցին հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանումներ՝ շրջափակելով շինությունը։ Այդ ընթացքում ՀԱՀԳԲ–ի մահապարտները պատանդ վերցրեցին 250 ուղևորի, որոնց մեջ եղած ամերիկացիների ու գերմանացիների միջոցով սկսեցին բանակցություններ վարել թուրքերի հետ։
Չնայած ընթացող բանակցություններին՝ թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները գրոհեցին օդանավակայանի շենքը, ինչին պատասխան ստացան ձեռնառումբերի պայթյուններ ու ավտոմատային կրակահերթեր։ Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին։ Մահապարտների ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և գերի ընկավ Լևոն Էքմեքճյանը, ով վեց ամիս հետո մահապատժի ենթարկվեց: Հրամանատար Զոհրապ Սարգսյանը զինամթերքի սպառվելուց հետո ինքնասպան եղավ՝ վերջին փամփուշտը ուղղելով դեպի իր մարմինը, իսկ մյուս անդամները վերադարձան իրենց զորանոցները։
Ընդհանուր հաշվով, մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ։ Պատահական բոլոր անցորդները սպանվեցին թուրքական ուժերի գնդակներից։
Գործողության պատասխանատվությունն իր վրա վերցրեց ՀԱՀԳԲ-ն՝ տարածելով հետևյալ հայտարարությունը .
«Պատմական «Կարին» գործողությունը եկավ անգամ մը ևս աշխարհին փաստելու հայ և թուրք պայքարի իրողութիւնը… Մեր հերոսները պատմական հարուած մը ուղղեցին թրքական ֆաշիստ վարչակարգին… Հայ նահատակներու կանչը ձեզ կը հրավիրե ազգային պայքարի ի խնդիր հայ ազգի ու ձեր արժանապատվութեան, ի խնդիր Հայ դատի…Պիտի շարունակենք մեր պայքարը մինչև Հայաստանի ազատագրութիւնը»։
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում