Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է եվրոպացի հյուրերի
Նմանատիպ
Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորած պատվիրակությանը’ ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ողջունելով հյուրերին’ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների դատական կառույցների միջև ձևավորած սերտ համագործակցության համար: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց Սլովակիայի իշխանություններին’ Սլովակիայում ապրող հայորդիների նկատմամբ դրսևորած բարիացակամ վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը նաև ողջունեց Սլովակիայի իշխանությունների ցուցաբերած զորակցությունը հայ ժողովրդին և նրա վճռական կեցվածքը Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հունգարիայի իշխանությունների կողմից սպա Ռամիլ Սաֆարովի’ Ադրբեջանին արտահանձնման խնդրին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման երևույթները’ իբրև ազգատյացության քարոզչություն, համընդհանուր դատապարտության պետք է արժանանան, հակառակ դեպքում’ ցավալի անդրադարձ կարող են ունենալ մարդկային կյանքում:
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քյոլնի (Գերմանիա) Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների ուխտավորներին’ գլխավորությամբ Փորցի Բողոքական եկեղեցու հոգևոր հովիվ Կառլ Գյոփելի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների և այլ քրիստոնեական հարանվանությունների հետ:
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ հյուրերն ուխտագնացության վայր են ընտրել Հայաստանը’ վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն պիտի ընձեռի լավագույնս ճանաչելու Հայ Առաքելական Եկեղեցին և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում