Լենինգրադի նահանգապետն այցելել է Մայր Աթոռ
Նմանատիպ
Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը’ ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզային մակարդակի վրա’ գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց, որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ձևավորվել են երկու ժողովուրդների միջև’ նպաստելով նաև փոխճանաչողությանն ու ջերմ հարաբերությունների առավել սերտացմանը:
Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին’ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին’ հայ ժողովրդի զավակների նկատմամբ մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվող ուշադիր և հոգատար վերաբերմունքի, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեքորեն ապրում է իր ազգային-հոգևոր ու մշակութային կյանքով’ իրենց ներդրումն ունենալով նաև մարզի զարգացման գործում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկու ժողովուրդների կյանքում քրիստոնեական հավատի և արժեքների դերակատարության, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող նշանավոր սրբատեղիների և հայ ժողովրդի կյանքում դրանց կարևոր նշանակության մասին:
Հանդիպմանը ներկա էր նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: