«Իրատես de facto». ՀԱԿ-ը կանգնած է լինել-չլինելու շեմին
Նմանատիպ
ՀԱԿ-ում տիրող անորոշությունն ուղիղ համեմատական է ԲՀԿ-ում տիրող անորոշությանը: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի աղբյուրները, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է: Երեք տարբերակներից՝ Տեր-Պետրոսյանի առաջադրում, Օսկանյանի կամ Ծառուկյանի թեկնածու առաջադրվելու դեպքում վերջիններիս սատարում, ՀԱԿ-ից որևէ մեկի առաջադրում, ոչ մեկն էլ ռեաբիլիտացիա չեն պարգևելու իր ոչ լավ օրերն ապրող ՀԱԿ-ին, որին ռեանիմացիա էր անում ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆինանսական և շնչառական «ուղիներով»: Նախընտրելի տարբերակներից մեկը Օսկանյանին սատարումն էր, որի դեպքում համ ոչխարները ողջ կմնային, համ գայլերը’ կուշտ: Ասել է’ Օսկանյանի առաջադրման դեպքում հաստատ կլիներ նաև Ռուսաստանի «դաբրոն» (ինչն ուղղակի անհնար է, սակայն ՀԱԿ-ցիք ասում են’ քաղաքականության մեջ չեն ասում’ երբեք), Օսկանյանը համաժամանակյա կհամարվեր նաև արևմտյան պակետ, և ՀԱԿ-ն արտաքին մասով դեմքը կորցնելու խնդիր չէր ունենա: Սակայն այդ ժամանակ կլինեին ներքին անհամաձայնություններ’ մարտի մեկի առնչությամբ Օսկանյանից պահանջատիրության մասով: Էլ ավելի բարդ է Ծառուկյանին սատարելու հարցը’ նույն մարտի մեկի, օլիգարխիկ «տնտեսության» և Քոչարյանի ազդեցության առումով: Սեփական թեկնածուով հանդես գալու խնդիրը ՀԱԿ-ում այս պահին ամենացավոտն է: «Արևմուտք-Հյուսիս» դիլեման ոչ մի կերպ այնտեղ չի լուծվում, գումարած’ նախագահական ընտրությունների հետ կապված նոր պառակտում-քայքայում լինելու է, որովհետև ցանկացած որոշում, ինչպիսին էլ լինի, չի բավարարելու կողմերից որևէ մեկին կամ մի քանիսին: Եվ վերջապես, գումարած շատ նուրբ մի հանգամանք, միանձնյա որոշումներ կայացնող Տեր-Պետրոսյանը ցանկանալու է անպայմանորեն իր ուզած թեկնածուին ժառանգել ՀԱԿ-ն ու իր սկսած գործը: Իսկ այդ թեկնածուն եղել ու մնում է Լևոն Զուրաբյանը, որին ոչ Բագրատյանը, ոչ Նիկոլը, ոչ էլ ՀԱԿ-ի մյուս բեկորները «պրիզնատ» չեն գալիս: Նիկոլին էլ զուրաբյանական թևը չի ցանկանա թեկնածու տեսնել: Այնպես որ, ՀԱԿ-ը կանգնած է ոչ թե նախագահական ընտրությունների, այլ լինել-չլինելու շեմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում