Աթեշյանը դավանափոխ հայի զավակ է. մերժում է իսլամացած հայերին, բայց կնքում թուրքերին. Հացպանյան (տեսանյութ)
Նմանատիպ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, թե խնդիր չի լինի, բայց Գարեգին Բ-ն թույլ չի տվել մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած 1915 թ. բռնի իսլամացված հայերի ժառանգ երկու հայուհիներին և Տիգրանակերտից ժամանած Էրդալ Մերջանին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այս առնչությամբ մանրամասներ ներկայացրեց: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Էրդալ Մերջանը և արդեն մեկ տարի մշտական բնակության նպատակով Կ.Պոլսից ՀՀ տեղափոխված Իսահակ Փայլանը։
«Տիգրանակերտցի Էրդալ Մերջանն ինձ դիմեց, թե ուզում է կնքվել Հայ առաքելական եկեղեցում և ստանալ Փարամազ անունը: Փարամազը հնչակյանների առաջնորդներից է, ով 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել և 19 հոգու հետ կախաղան է բարձացվել: Մերջանը հոր կողմից խնուսցի է, մոր կողմից՝ այսօրվա Դիարբեքիրից: Մենք դիմեցինք Սփյուռքի նախարարին, թե մարդը եկել և ուզում է կնքվել: Հրանուշ Հակոբյանն ասեց՝ խնդիրը կլուծվի, ավելին՝ հայտարարեց այդ մասին Հնչակյան հերոսների հիշատակին նվիրված հավաքին: Ես ամեն դեպքում նորից հարցրեցի՝ խնդիր կլինի՞, ասեց՝ ոչ, բայց առավոտյան զանգահարեցի և ստացա պատասխան, թե չեն կարողացել հասնել խնդրի լուծմանը: Հայ առաքելական եկեղեցու ամբողջ հիերարխիայով անցանք, հասանք Գարեգին Բ-ին, իսկ Կաթողիկոսը Կիսլավոդսկից, որտեղ հանգստանում էր, մերժեց, թե չի լինելու այդ կնունքը՝ պատճառաբանելով, թե Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շրջաբերական է ուղարկել և ասել, որ պիտի մերժել նրանց մկրտությունը, որ նրանք իսլամ են դավանում, բայց նաև ուզում են կնքվել: Բայց ես ձեզ վստահեցնում են, որ Թուրքիայի հանրապետության անձնագրում ոչ մի կետ չկա, որտեղ նշվում է կրոնը, հետևաբար որտեղի՞ց են իմացել, որ իբր մուսուլման են: Բոլոր կնքվողները՝ Էրդանը և դերսիմիցի երկու հայուհիները Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում պատրաստ սպասում էին և չգիտեի ինչպես հայտնել այս լուրը նրանց»,-պատմեց Հացպանյանը:
Այնուհետ վերլուծաբանն անցավ Արամ Աթեշյանի հետ կապված մանրամասնություններին, ում հետ մանկուց է ճանաչում: Հացպանյանը հայտարարեց, որ ինքը՝ Աթեշյանը, դավանափոխ հայի զավակ է.
«Արամ Աթեշյանի մայրը, հայրը չգիտեն հայերեն, քույրը մինչև հիմա քրդերեն է խոսում, ինքը ինչպե՞ս կնքվեց: Էրդալն Աթեշյանից ինչով է տարբերվում, նա ո՞վ է, որ պիտի կարողանա ազդել Մայր Աթոռի վրա: Արամ Աթեշյանը կնքում է՝ ում ուզում է՝ հայության հետ որևէ առնչություն չունեցող թուրքի է կնքել, էդ մարդիկ անգամ եկեղեցում ծառայող են դարձել, բայց հիմա չկան, պատրիարքարանի պահակ է կարգել թուրքին: Իրեն ո՞վ է իրավունք տվել թուրքին կնքել և հայ առաքելական եկեղեցու վկայական տալ: Արամ Աթեշյանը կատարում է թուրքական իշխանությունների հրահանգը: Իրենց համար ծպտյալ հայերի վերահայացման գործընթացին զարկ տալը լուրջ խնդիր է, և նա անում է ամեն ինչ, որ դա չլինի»:
Կ.Պոլսից Հայաստան տեղափոխված Իսահակ Փայլանը հաստատեց Հացպանյանի մեղադրանքը Արամ Աթեշյանի հասցեին արված: Իսկ Տիգրանակերտցի Էրդալ Մերջանի մասով պարզվեց, որ ունի Արևմտյան Հայաստանի անձնագիր, որտեղ անունը գրված է Մատթեոս:
«Ես փոքրուց գիտեի, որ հայ եմ, բայց մտածում էի, թե հայությունը կրոն է»,- ասաց Մերջանը:
Times.am-ը ասուլիսում բարձրացված թեմայի առնչությամբ փորձեց պարզել Մայր Աթոռի տեսակետը, ինչին ի պատասխան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը շեշտեց.
«Հայոց Եկեղեցու Ս. Ավազանում կարող են մկրտվել ազգությամբ հայեր կամ հայի հետ ամուսնացած օտարազգիներ: Տվյալ դեպքում մկրտվել ցանկացողների ծագումով հայ լինելու մասին անհրաժեշտ է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության հաստատումը, որից հետո միայն կարող է կատարվել Ս. Մկրտության խորհուրդը հայկական որևէ եկեղեցում»:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում