Է. Շարմազանով. Նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանի մասնակցության մասին կհայտարարվի արտահերթ համագումարով

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, երեկ, հոկտեմբերի 11-ին, ՀՀԿ-ն գործադիր նիստ է գումարել: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ընթացքում զրուցել է լրագրողների հետ: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա օրերին արտահերթ համագումար կգումարի եւ կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջադրման մասին:

Շարմազանովը նաեւ անդրադարձավ մամուլում վերջին օրերին քննարկվող Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան իբր թե կայացած հանդիպման մասին:

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,- հավաստիացրեց Շարմազանովն ու ավելացրեց,- գաղտնի պայմանավորվածություններ չկան: Այդ հանդիպումների մեջ զարմանալու բան չկա, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է եւ հնարավոր է’ այդ շրջանակներում հանդիպումներ լինեն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում