Պերմյակովը դասալքության և ապօրինի զենք կրելու համար դատապարտվեց 10 տարվա ազատազրկման (տեսանյութ)
Նմանատիպ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում:
Պետական մեղադրող Վլադիմիր Անդրուսենկոն պահանջել էր 10 տարվա ազատազրկում: Վերջին խոսքի իրավունքով Պերմյակովը նշեց, որ ընդունում է մեղքը եւ պատրաստ է կրել ցանկացած պատիժ: Դատարանը Պերմյակովին տվեց 10 օր ժամանակ առավել բարձր ատյանի դատարանում կայացված վճիռը բողոքարկելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճից, դատավոր Ալեքսանդր Շելդյաևը նշեց, որ դատարանը կայացրել է ռազմաբազայի հետ առչնող ևս մեկ լրացուցիչ, մասնակի որոշում, որը չհրապարակվեց և առանձին կներկայացվի Պերմյակովին:
Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին:
Տեսանյութը՝ 1in.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում