Վախճանվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը
Նմանատիպ
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացավ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որ Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը’ աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի և օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալ միաբանությունը:
Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)’ Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:
1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի:
1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա’ ստանալով Թորգոմ անունը:
1939-46 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ:
1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ և նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:
1951 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ:
1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը’ Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել ճեմարանի տեսուչ: Նա նաև վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները:
1960 թ. վերադառնալով ԱՄՆ’ ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց (Մասաչուսեթս):
1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ:
Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս:
1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ:
Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ:
Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք:
1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է Կաթողիկոսական Տեղապահ:
Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է մի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր Աստվածաբանական Ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման:
1986 թ. ստացել է նաև Ամերիկայի երկու գլխավոր պարգևները. «Ազատության Արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները:
Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում: Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:
Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում’ բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց: Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր:
Հոկտեմբերի 14-ին’ Ս. Պատարագի ավարտին, Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն’ Հայ Եկեղեցու վաստակյալ սպասավորի հոգու խաղաղության համար:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում