«Առավոտ». Կատոնից մինչև Քոքոբելյան. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտի» գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Մեր թվարկությունից առաջ Հռոմում ապրում էր մի պետական գործիչ և գրող’ Մարկուս Պորցիուս Կատոնը, որին անվանում են նաև Կատոն Ավագ: Եվ ահա, երբ այդ վաստակաշատ ու իմաստուն մարդուն’ արդեն առաջացած տարիքում հարցրեցին, թե ինչո՞ւ Հռոմում չկա նրա արձանը, նա պատասխանեց’ ավելի լավ է հարցնեն, թե ինչո՞ւ նման արձան չկա, քան’ հակառակը: Այսինքն’ ավելի լավ է, դու չունենաս այն, ինչին գուցեև արժանի ես, քան ունենաս այն, ինչի վերաբերյալ կան կասկածներ, որ դու դա չես վաստակել: «Ունենալ և չունենալ»’ այդպես է կոչվում նաև Հեմինգուեյի հրաշալի վեպը’ նույն թեմայով:
Ես այդ ամենը հիշեցի, բնականաբար, Խաչատուր Քոթոբելյանի հետ կապված: Ես չգիտեմ, թե ինչ են նրանք պայմանավորվել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ’ չնայած ինձ թվում է, որ նման խնդիրների շուրջ պետք է պայմանավորվել գրավոր: Բայց պարոն Քոբոբելյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ Րաֆֆին սխալ է: Եվ այդ ճանապարհը մեկն է’ պատգամավորական մանդատը վայր դնելը: Մնացած բոլոր բացատրությունները, արդարացումները, ակնարկները «ներդրումների» մասին [նյութակա՞ն], չեն օգնի, որքան էլ պերճախոս լինեն և տրամաբանված խոսեն պարոն Քոբոբելյանը կամ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները: Միևնույն է’ միշտ հնարավորություն կլինի ասելու, որ նա պատգամավոր դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» շնորհիվ ու հիմա կառչում է այդ մանդատից: Եթե այդ պնդումը նույնիսկ մեկ տոկոսով ճիշտ է [իսկ ես վստահ եմ, որ տոկոսների թիվն ավելի մեծ է], դա արդեն հիմք է’ պատգամավորությունից հրաժարվելու համար: Դուք կասեք, որ այդ տրամաբանությամբ ներկայիս պատգամավորների մեծ մասը պիտի հրաժարվի մանդատից: Տեսականորեն’ այո: Բայց այդ «մեծ մասին» ես նման խորհուրդ չեմ տա, որովհետև նրանցից այն ակնկալիքները չունեմ, որոնք ունեմ ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից’ նրանք գոնե ինչ-որ չափով պետք է հակադրվեն «վերնախավում» տիրող ցինիզմին և ամբարտավանությանը:
Ինձ համար օրինակելի է այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Ով ինչ ուզում է’ ասի, 98-ին նա ապացուցեց, որ նախագահական պաշտոնն իր համար զրո է, և նա չի պատրաստվում անբարո մեթոդներով պայքարել դրա համար:
Հիմա ավելի ցածր մակարդակով նմանատիպ խնդիր ունի Խաչատուր Քոբոբելյանը: Կամ նա պիտի հրաժարվի մանդատից, ինչը նրան հնարավորություն կտա շարունակելու զբաղվել քաղաքականությամբ, կամ նա կմնա խորհրդարանում, բայց չի վայելի հասարակության վստահությունն ու հեղինակությունը: Ընտրությունն իրենն է»: