ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարը հրավիրվել է հարցաքննության
Նմանատիպ
Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննության է հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև’ 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 000 000 դրամ, ապա’ 709 641 000 դրամ: Նախաքննության տվյալներով’ գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Բացի այդ, աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:
Արդյունքում’ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս: Նշված գործի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ձերբակալվել ապա կալանավորվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ’ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում