Գարեգին Երկրորդն ընդունել է մի շարք արտասահմանյան հյուրերի

Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Իտալիայի իշխանությունների միջև հարաբերությունները գնալով ավելի են զարգանում’ համահունչ դարերի ընթացքում երկու երկրների միջև եղած բարեկամությանը: Անդրադառնալով Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին’ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում և աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ երկու Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն արտահայտվում են ինչպես հովվապետերի, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականների փոխայցելություններով: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առակցությամբ Հայ Եկեղեցու մի շարք սպասավորներ իրենց կրթությունն են շարունակում Եվրոպայի և Ամերիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում’ մասնագիտանալով աստվածաբանական զանազան գիտությունների մեջ:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայ ժողովրդի հոգևոր, մշակութային կյանքում, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման գործում Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին, անդրադարձ կատարվեց Հռոմի և Միլանի հայկական համայնքների վիճակին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և Հայ Եկեղեցու միջեկեղեցական ու միջկրոնական կապերին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռիգայի (Լատվիայի Հանրապետություն) քաղաքապետ Նիլ Ուշակովին’ ուղեկցությամբ Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի:

Ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ’ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Երևանի և Ռիգայի միջև առկա փոխգործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց նման այցելությունների կարևորությունը’ նշելով, որ դրանք նպաստում են փոխճանաչողության և փոխհասկացողության ոգու զորացմանը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների իշխանությունները շարունակում են պահպանել ու զարգացնել տասնամյակներ առաջ ձևավորված համագործակցության բարի ավանդույթները:

Խոսելով Լատվիայի հայկական համայնքի մասինª Վեհափառ Հայրապետն ի դեմս քաղաքապետ Նիլ Ուշակովի իր գնահատանքը հայտնեց Լատվիայի իշխանություններին’ հայ ժողովրդի զավակներին ցուցաբերվող աջակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում