«Առավոտ». «Տարածաշրջանային» մտածելակերպ. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է. «Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի վարչապետներ Դեյվիդ Քեմերոնը և Ալեքս Սալմոնդը երեկ պայմանագիր են ստորագրել, որով 2014 թվականի աշնանը Շոտլանդիայում հանրաքվե է անցկացվելու: Այդ հանրաքվեի միջոցով որոշվելու է’ արդյոք Շոտլանդիան ճնալո՞ւ է Բրիտանիայի կազմում, թե՞ ոչ: Ստորագրման արարողության ժամանակ Քեմերոնն ասաց, որ հարգում է շոտլանդացիների կամքը, քանի որ նրանք ընտրել են հենց այն կուսակցությունը, որը պայքարում էր այդ հանրաքվեի համար, չնայած կարծում է, որ երկու ժողովուրդների համար ավելի ձեռնտու կլինի, եթե նրանք մնան նույն պետության կազմում: Սալմոնդն էլ վստահեցրեց, որ հավատում է’ հանրաքվեի արդյունքում իր երկիրը կանկախանա: Բայց երկուսն էլ հայտարարեցին, որ հարգելու են հանրաքվեի ցանկացած արդյունք: Ինչո՞ւ են այդ երկու երկրների ղեկավարներն այդքան հանգիստ վերաբերվում այդ խնդրին: Որովհետև անգամ Շոտլանդիայի անկախանալու դեպքում այդ երկրները կմնան միասնական եվրոպական ընտանիքի անդամ, նրանք կունենան թափանցիկ սահմաններ, երկու ժողովուրդների ներկայացուցիչներն էլ հարևան երկրում ոչ խնդիր չեն ունենա, և այդ բոլոր պայմանների առկայության դեպքում անկախ կամ ոչ անկախ վիճակը այնքան էլ էական չէ: Մանավանդ, որ հիմա էլ Շոտլանդիան իր ներքին քաղաքական և տնտեսական խնդիրները լուծելիս միանգամայն ինքնուրույն է:
Մենք’ Կովկասի ժողովուրդներս, այդպես առայժմ չենք կարող ապրել: Մեզ’ հայերիս համար Արցախի անկախությունը Ադրբեջանից ամենևին ոչ խորհրդանշական խնդիր է, որովհետև ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել և տարհանել Արցախում ապրող հայերին, և այդ նպատակը հարևան երկրի ղեկավարությունն առանձնապես չի էլ թաքցնում: Ընդհակառակը’ ընդգծում է և ցուցադրում ամբողջ աշխարհին, օրինակ’ նույն Ռամիլ Մաֆարովի պատմությամբ: Նույնատիպ վտանգը կախված է նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի գլխին, եթե դրանք վերադառնան Վրաստանի կազմ: Հետևաբար’ դա ոչ թե մեկ ժողովրդի, այլ առնվազն «տարածաշրջանային» մտածելակերպ է: Որտե՞ղ են դրա ակունքները: Ինձ թվում է, դա մի կաղապար է, ըստ որի’ ավելի հեշտ է բռնի ուժով, սպառնալիքով, շանտաժով տիրել, իշխել, «ենթարկեցնել» ժողովրդին կամ մարդուն, քան համագործակցել նրա հետ: Ի դեպ, այդ կաղապարից Բրիտանիան հրաժարվել է ավելի քան կես դար առաջ, իսկ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դեռ չեն հրաժարվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն մտածողությունն առկա է ոչ միայն «տարածաշրջանային», այլև ազգային և ավելի ցածր մակարդակներով, ընդհուպ մինչև ընտանեկանը: Եվ մեզանից շատերն իրենց տներում այնպիսի «կայսրություն» են ստեղծել, որ դրան կնախանձեին Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոնը կամ Ստալինը:
Երբ մենք փոխադարձաբար կճանաչենք միմյանց անձնական ազատությունն ու անկախությունը, այդ փոքր աղյուսներից կամաց-կամաց կկառուցվի եվրոպական արժեքների վրա հիմնված ժողովուրդների ընտանիք»: