ՄԱԿ-ի ներկայացուցիչ. «Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում»
Նմանատիպ
Այսօր, հոկտեմբերի 16-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնակեց «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» քննարկումը, որին մասնակցում են շահագրգիռ մի քանի կողմեր:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը եւ 14-ամյա Մարգարիտա Սարգսյանը:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ողջունելով ներկաներին՝ նախ շնորհակալություն հայտնեց այսօրվա միջոցառման կազմակերպման համար:
«Այսօրվա քննարկվելիք հարցն իսկապես կարեւոր է: Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները հասկանալը շատ կարեւոր է, որպեսզի հետո նաեւ կարողանանք մեր միջավայրն իսկապես դարձնել ներառական: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, ովքեր ընդառաջելով մեր առաջարկին, կատարեցին հետազոտություն, որը թույլ կտա մեզ հետագայում մեր քաղաքականությունն ավելի նպատակային դարձնել: Հետազոտությունը, որը կատարվել է մեր գործընկերների կողմից, շատ լավ հիմք է հետագա աշխատանքի համար: Մեր կառավարությունը փորձում է մեր շրջապատը դարձնել այնպիսին, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց հասարակության լիիրավ անդամ զգան: Իհարկե, սա շատ լավ ցանկություն է, բայց ցանկության իրականացման համար մի շարք ծրագրեր պիտի իրականացվեն: Հետազոտությունը շատ կարեւոր է եւ մեր համար հիմք կհանդիսանան մեր հետագա աշխատանքների համար: Իհարկե, սա մի օրվա ծրագիր չի, սակայն շարունակական աշխատանք անպայման կլինի», իր խոսքում նշեց Ա. Ասատրյանը: Նա ընդգծեց, որ պետք է ուշադրություն դարձվի ծառայությունների մատչելիությանը: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է կարիքի գնահատում, որից հետո պետք է ձեւավորվի վերականգնողական ծրագիրը, որի մեջ ներառված կլինի հենց խնդիրներ ունեցող անձը:
«Կարծում եմ, որ ծրագիրը կլինի շարունակական եւ մոտ ապագայում մենք կտեսնենք առաջին արդյուքները, որը մենք բոլորս էլ ցանկանում ենք», ամփոփեց նախարարը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում:
«Ավելի ու ավելի շատ հատուկ կարիքավոր երեխաներ են կրթություն, բուժօգնություն ստանում, սակայն դեռեւս շատ անելիք կա: Շատ երեխաներ դեռեւս մեկուսացված են հասարակությունից, ընկերներ չունեն, շատերը հանձնվում են մանկատներ, որը կարող է նրանց կյանքում անդառնալի հետեւանք ունենա: Պետք է անպայման նշել, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ են հասկանում, որ այն հասարակությունը, որը կարողանում է ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաներին, ավելի լավ հասարակություն է »:
Բանախոսը մտահոգուություն հայտնեց այն երեխաների համար, ովքեր խնդիրներ ունեն, սակայն որեւէ տեղ գրանցված չեն: « Մենք չգիտենք, թե նրանք ու՞ր են, ինչի՞ կարիք ունեն: Սրանք, այսպես ասած, «անտեսանելի» երեխաներ են: Մենք հասկանում ենք, որ սոցիալական օգնությունը շատ կարեւոր է այն երեխաների համար, ովքեր հատուկ կարիքներ ունեն: UNICEF-ը վստահ է, որ հատուկ կարիքներով երեխաները կարող են լիովին ինտեգրվել հասարակությանը», հույս հայտնեց Հ. Արենսը:
Հաշմանդամություն ունեցող 14-ամյա Մարգարիտան եւս հանդես եկավ ողջույնի խոսքով եւ խնդրեց, որ իրեն տարօրինակ, զարմացած հայացքով չնայեն, քանի որ ինքը մեզանից մեկն է: Նա ցանկանում է ընկերներ ունենալ իրենց բակում, դպրոց գնալ բոլորի նման: «Ես արդեն մեկ ամիս է՝ դպրոց եմ գնում, ես խաղում եմ ու շատ լավ եմ սովորում, 10 եմ ստանում», ասաց Մարգարիտան եւ հավաստիացրեց, որ կարեւորը ֆիզիկական կարողությունները չեն, այլ հոգեկան ամրությունը: «Ես բոլորիդ հետ եմ», վստահեցրեց Մարգարիտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում