Մասնագետ. «Հասարակության կարծիքը փոխելու համար մենք պետք է հատուկ կարիքներով երեխաներին ներառենք մեր դասարաններում, համալսարաններում»
Նմանատիպ
Այսօր, հոկտեմբերի 16-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնակեց «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» քննարկումը, որին մասնակցում են շահագրգիռ մի քանի կողմեր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը եւ 14-ամյա Մարգարիտա Սարգսյանը:
Հետազոտության արդյունքներն առավել մանրամսան ներկայացրեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը:
«Հետազոտության նպատակն էր պարզել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման խնդիրների մասին, ուսումնասիրել տարբեր ծառայությունների մատչելիությունը հատուք կարիքներ ունեցող երեխաների համար: Հետազոտության ընթացքում իրականացվել են դեմ առ դեմ հարցազրույցներ երեխաների հետ: Եթե երեխաներն ապրում են ծնողների հետ, զրույցներ են եղել նաեւ ծնողների հետ», նշեց բանախոսը:
Ըստ Մ. Պողոսյանի՝ ուսումնասիրության հասանելիությունն ամենաբարձրը եղել է Սյունիքում, իսկ ամենացածր հասանելիությունը՝ Շիրակում:
«Հետազոտության թիրախ են եղել այն երեխաները, ովքեր ունեն հաշմանդամ երեխայի կարգավիճակ, այնպես որ խնդիր ունեցող ոչ բոլոր երեխաներն են ներառված ուսումնասիրության մեջ», ասաց զեկուցողն ու ընդգծեց, որ Հայաստանում կան հատուկ կարիքավոր երեխաներ, ովքեր գրանցված չեն եւ կարծես թե «անտեսանելի» են:
Անդրադառնալով հատուկ կարիքավոր երեխաների կրթություն ստանալու խնդրին՝ բանախոսն ասաց.
«Հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ասում է, որ հաշմանդամությունը չպետք է խոչընդոտի մարդու կրթության իրավունքի իրացմանը: Հարցմանը մասնակցած երեխաներին հարցրել են, թե արդյոք նրանք հաճախում են դպրոց: Երեխաների 18 %-ը ասել է, որ իրենք դպրոց չեն գնում: Սա նշանակում է, որ դպրոց չի գնում հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը: Տավուշի մարզում եւ Երեւանում առավել բարձր է այն երեխաների թիվը, ովքեր հատուկ դպրոց են գնում: Գյուղական համայնքներում հաշմանդամություն ունեցող ավելի շատ երեխաներ են մնում առանց կրթության»:
Մերի Պողոսյանը նաեւ նշեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները, ովքեր ապրում են մանկատանը, ավելի քիչ ընկերներ ունեն:
Ուսումնասիրությանը մասնակցած երեխաների 8 %-ը զբաղվում են սպորտով, եւ նրանց մեծ մասը տղաներ են: Մանկատանն ապրող հատուկ կարիքավոր երեխաների 9%-ը այցելում են մշակութային խմբակներ:
Անդրադառնալով մեկ այլ հրատապ խնդրի՝ հասարակության իրազեկվածությանը հաշմանդամության խնդրին՝ Մերի Պողոսյանը նշեց, որ հատուկ կարիքավոր երեխաների ծնողների միայն 4-6 %-ն է ծանոթ ՀՀ օրենքներին եւ միջազգային կոնվենցիաներին:
Նշելով առաջնային խնդիրների մասին՝ ծնողներն ուսումնասիրողներին ասել են, որ հատկապես բարելավման կարիք ունեն բուժօգնության ծառայությունները, ներառական դպրոցներն ու հատուկ տրանսպորտային միջոցները:
UNICEF-ն այս ուսումնասիրությունների հիման վրա կազմել է առաջարկների ցանկ: «Առաջինը, առաջարկում ենք բարելավել հաշմանդամություն ունեցող մարդկանց ճանաչման ընթացակարգը, բացահայտել «անտեսվածներին»: Նաեւ անհրաժեշտ է վերանայել ծառայությունների հասանելիության չափորոշիչները: Պետք է իրազեկել եւ վերապատրասատել ուսուցիչներին, տնօրեններին, ինչպես նաեւ դպրոցներում ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»: Իր խոսքում Մերի Պողոսյանը կարեւորեց երեխաներին լքելու գործընթացը կանխարգելելը: «Հատկապես խոցելի են 0-3 տարեկան երեխաները, մանկատանը մնալը հատկապես նրանց համար անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ:
Եւ ի վերջո, հասարակության կարծիքը փոխելու համար մենք պետք հատուկ կարիքներով երեխաներին ներառենք մեր դասարաններում, համալսարաններում, հետո՝ մեր աշխատավայրերում, որպեսզի պատկերացնենք կյանքը նրանց հետ», ամփոփեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում