Նախագահ Սարգսյանն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարարին
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը:
Երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ կձևավորվեն այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության ծավալման իրավական հիմքերը:
Զրուցակիցները բարձր են գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-իտալական բարեկամական կապերը, որոնք, նրանց համոզմամբ, ամրապնդվում են նաև տարբեր մակարդակի փոխայցելություններով:
Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող արժեքավոր աշխատություններից և անչափ տպավորված է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ունեցած մեծ ներդրումով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում