Կառավարությունը ներկայացնում է մի շարք հասկացություններ՝ նոր խմբագրությամբ
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում և դրանից բխող նախագծային փաթեթում, որը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայք-էջը:
Շուրջ 50 էջանոց նախագծի փաթեթում շատ հասկացություններ սահմանվում են նոր խմբագրությամբ:
Օրենքի նոր նախագծում «գործարք», «հաճախորդ», «հաշվետվություններ», փողերի լվացման «ռիսկ», «բարձր ռիսկ» հասկացությունների հետ մեկտեղ սահմանվում է «Քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացությունը:
Ըստ նախագծի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձը արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ է, ով իրականացրել է կամ իրականացնում է պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ: Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց:
Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են՝պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները, խորհրդարանի անդամները, բարձրագույն ատյանի դատարանի, Սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների անդամները, ում որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,աուդիտորների դատարանի անդամները կամ կենտրոնական բանկի խորհրդի անդամները, դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները, քաղաքական կուսակցության ակնառու գործիչները:
Կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը այն գործարքը կամ գործարար հարաբերությունն է, որի դեպքում կասկածվում է կամ առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ ֆինանսական միջոցները կամ այլ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ:
Կամ՝ «օգտագործվել է կամ առկա է մտադրություն՝ այն օգտագործել ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից»:
Այսուհետ հաշվետվություն տրամադրող շրջանակներն են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք, և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները և ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք, կորպորատիվ ներդրումային ֆոնդերը և պայմանագրային ներդրումային ֆոնդերի կառավարիչները, գրավատները, ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք։
Այս ցանկում ներառված են նաև՝ նոտարները, փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք,անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք , արվեստի գործերի դիլերները, սակարկությունների կազմակերպիչները, խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները, հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում