Ամեն բան չափ ու սահման պետք է ունենա. չի կարելի, չէ՞, վերջապես
Նմանատիպ
Բազմիցս բարձրացվում է այս հարցը, քննադատվում և շատ հաճախ տեղին, բայց նույնը նորից շարուկավում է:
Մեզնից շատերն էին, թերևս մեծ ուրախությամբ սպասում Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնական միջոցառմանը: Ես նույնպես մեծ ոգևորությամբ էի լցված և իսկական տոնական միջոցառում էի սպասում:
Բայց ավաղ… միջոցառման կեսից սկսվեց ախմախությունը…
Էլ չեմ խոսում ռաբիզից և այլն, դա վաղուց արդեն ծեծված թեմա է, բայց կար մի բայց, որին արդեն չեմ կարող չանդրադառնալ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Եղբայրք, հո չե՞ք ցնդել…
Անկախ ձեր և առանձին մարդկանց (անգամ պաշտոնյաների) նախասիրություններից և ճաշակից՝ կան որոշակի չգրված (կամ միգուցե գրված) օրենքներ, որոնք պետք է պահվեն:
Ի՞նչ է նշանակում, պահպանակ փչող մի քանի դեգենեռատի բերել Էրեբունի-Երևանի տոնակատարությանը, Հանրապետության Հրապարակում’ Նախագահի, Կաթողիկոսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների (էլ չասեմ նրանց տիկնանց) դիմաց կանգնեցնել բեմին ու ժողովրդի լեզվով ասած’ դայաղ անել «մամալյուբայատիպ» ինչ-որ ապուշություններ:
Նախ սկսենք էնտեղից, թե ի՞նչ կապ ունի այդ «երգը» տոնի խոհուրդի հետ: Երկրորդ, հասկացանք, հյուր եք ուզում բերեք, կարելի է, չէ՞, հաշվի առնել որակը ու մակարդակը: Չեմ ուզում առանձին անդրադառնալ նաև «Հավա նագիլա» կատարմանը և հարց տալ, թե արդյո՞ք Թել-Ավիվին նվիրված տոնակատարությանը՝ Իսրայելի հրապարակում, թեկուզ ոչ հայերի կատարմամբ’ Կոմիտաս կհնչեցնե՞ն, թե՞ չէ, բայց կա որոշակի չափ ու սահման:
Անձամբ ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բավականին զայրացած եմ, որ մեր բարձրաստիճան այրերի և նրանց տիկնանց’ Հանրապետության Հրապարակում Էրեբունի-Երևանի տոնին մատուցում են «երգչուհիների», որոնք տեսահոլովակներում պահպանակ փչելով են զբաղված: Սա արդեն լպիրշության գագաթնակետն է: Սա պետական մակարդակով վիրավորական է:
Տարբեր առիթներով բարձրացվել է այս հարցը, որ չի կարելի, որ պետական միջոցառումները պետք է որոշակի մակարդակ ապահովեն, բայց ամեն անգամ նույն պատմությունը:
Իմ տեսած լավագույն միջոցառումը, թերևս Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունն էր՝ Հանրապետության Հրապարակում:
Տարբեր առիթներով հարցը քննադատելիս, նաև քիչ չի անհարկի քաղաքականացվել, դա կապել են իշխանությունների, նրանց ճաշակի և այլնի հետ:
Թերևս հարցին մոտեցման հիմնական սխալը հենց այդտեղ է: Անկախ նրանից, թե տվյալ պահին ի դեմս ում է հանդես գալիս գործող իշխանությունը, և կոնկրետ ով է պատասխանատու միջոցառման կազմակերպման համար, պետք է դրվի որոշակի կանոնակարգված ձևաչափ: Ինչպես, օրինակ, Նախագահի արարողակարգն ունի կատարման կոնկրետ օրենքները, կամ ինչպես հոգևոր ծեսերն ունեն համապատասխան կանոններ, Պետական միջոցառումները ևս, առավել ևս, երբ նրանք ֆինանսավորվում են ՊետԲյուջեից, պետք է ենթարկվեն որոշակի կարգ ու կանոնի’ ձևաբանական, մշակութային արարողակարգի, որպեսզի անկախ այն բանից, թե ով էր երեկ իշխանություն, ով է հիմա, կամ ով կլինի վաղը, դրանք պահպանեն համապատասխան ֆորմատ:
Կարծում եմ, հարցը պետք է կարգավորվի նաև օրենսդրական դաշտում: Ես չգիտեմ, արդյո՞ք մենք ունենք պետական միջոցառումների անցկացմանը, կազմակերպմանը վերաբերվող համապատասխան օրենսդրություն և կանոնակարգ: Պետական Խորհրդանիշի տեսքն ունի հստակ սահմանում: Բայց այսօր մենք կտեսնենք Եռագույն դրոշով մոխրամաններ կամ սրբիչներ’ ազատ վաճառքի…
Չեմ ուզում շատ ծավալվել իմ համար ցավոտ այս հարցի շուրջ: Բայց այս ամենը, կարծում եմ, գալիս է օրենսդրական դաշտի բացերից… և արդյունքը այն է, ինչ տեսնում ենք. ում խելքին ինչ փչում, ոնց փչում է, էդպես էլ անում է:
Հերիք է, սթափվել է պետք: Հարցը ոչ թե իշխանություն-ընդիմություն, ճաշակ-անճաշակ, կլսեն-չեն լսի մակարդակի վրա պետք է դնել, այլ պետք է հստակ կանոնակարգել:
Պետական միջոցառումները, նախ և առաջ, համերգային ծրագրով պետք է ապահովեն տոնի խոհուրդը, երկրորդ պետք է ունենան ազգային, դասական գերակա առանցք (վերջիվերջո սա Հայաստանի Հանրապետությունն է, և մենք էլ’ Հայկական Ազգային մշակույթի կրողն ենք (համենայն դեպս պետք է որ լինենք)), երրորդ, գերապատվություն պետք է տրվի տեղական երգիչներին, խմբերին (բնականաբար համապատասխան մակարդակի ապահովմամբ), հատկապես’ եթե միջոցառումը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ կողքից լրացումները պարտադիր պետք է համապատասխանեն որոշակի ոճաբանական և մշակութային մակարդակի, որից ցածր ‘ թե՛ երաժշտական ,և թե՛ բովանդակային առումով’ անկախ դրանց պոպուլյար լինելուց’ պետք է արգելվեն:
Ի՞նչ է նշանակում իմ գրպանից վճարած հարկերի հաշվին դրսից ինչ-որ խեղկատակների հրավիրել պետական տոնին’ լեզուս չի էլ պտտվում ասել’ «երգելու», երբ Տեղական բազմաթիվ հրաշալի կատարողներ անգամ բեմում չեն երևում: Վաղը կարող է միջոցառման կազմակերպումը հանձնարարվի ինչ-որ մեկին, ով սթրիփթիզ է սիրում, հո Հանրապետության Հրապարակում Նախագահի ու Կաթողիկոսի դիմաց սթրիփթիզ չե՞ք դնելու: Պետք է որոշակի կարգ ու կանոն, որ անկախ կազմակերպիչների ճաշակից՝ պետական միջոցառումները դուրս չբերվեն որոշակի սահմաններից և ապահովեն համապատասխան մակարդակ և բովանդակություն: Եվ վերջում կազմակերպած հրավառությունը կամ երգերի «քոքած բասերը» չեն, որ համերգի որակի մասին պետք է խոսեն: Տեխնիկական կողմը երկրորդական խնդիր է, հարցը բովանդակությանն է վերաբերվում, որն էլ, ցավոք, ամենաշատն է անտեսվում:
Ավելին, միջոցառումներից մեկի ժամանակ, կարծես դիտավորյալ, ինչ-որ դիսկոյատիպ երաժշտության ժամանակ ձայնի որակը մաքսիմալ ապահովում են, իսկ ազգային երգի ժամանակ կտրու իջեցնում այնպես, որ «պտիչկայի» համար կատարումը հնչում է, բայց որակի առումով այնպես են արվում, որ հակառակ էֆեկտ է թողնում: Կարելի է ենթադրել՝ պրոֆեսիոնալ ապազգայինների, կամ պրոֆեսիոնալ չուզողների մի թիմ է աշխատում վարագույրի հետևում: Մի առիթով անգամ մոտեցանք բեմի մոտ կազմակերպիչներից մեկին և մեր մտահոգությունը հայտնեցինք: Ինչևէ…
Այլևս բավական է, Ազգային միջոցառումների բեմը ամեն պետական տոնին կառուցել Մաշտոցի պողոտայում, որքան հնարավոր է՝ հեռու կենտրոնական շրջանից, դրա փոխարեն Օպերայի հրապարակը լցնել դիսկոտեկներով, ցկցկոցներով և այլն: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն թե կան ավելի առաջնային խնդիրներ, պիտի ասեմ, որ կան, բայց պետք է նաև ընդունենք, որ բոլոր այդ խնդիրները սկսվում են հենց այստեղից’ մշակութային ոչ բավարար մակարդակից և սերունդի մշակութային կրթության չհամակարգված ծրագրից կամ այդ ծրագրի իսպառ բացակայությունից, պետական այսպիսի միջոցառումների կազմակերպման հստակ կարգ ու կանոնի բացակայությունից:
Պարոնայք, սթափվեք, էսպես չի կարելի… Մարդ պիտի մի քիչ թասիբ ունենա… առավել ևս Հայ մարդը…
Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում