Սեյրան Օհանյանն ընդունել է իր իտալացի գործընկերոջը
Նմանատիպ
Ս.թ. հոկտեմբերի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայությունից:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև ռազմական արդյունաբերության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ծավալումը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, որը կհանդիսանա երկկողմ համագործակցության իրավական հիմքը: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն անվտանգության և պաշտպանական քաղաքականության, ռազմաիրավական պատրաստության, զինված ուժերի կազմակերպման և կառավարման, կազմզորահավաքային պատրաստության, ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, խաղաղապահ և մարդասիրական գործողությունների և մի շարք այլ ոլորտներում:
Այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:
Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում