«Հրապարակ». Սունդուկյանում աշխատակազմը բաժանվել է անհաշտ թևերի. խմբագրական
Նմանատիպ
«Հրապարակը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ 2008-ին Վահե Շահվերդյանը հեռացվեց Սունդուկյանի անվան թատրոնից, պաշտոնական բացատրությունն այն էր, թե Մայր թատրոնը դարձել է մի մարդու թատրոն, բեմադրություններ դնում է միայն Շահվերդյանը, և այստեղ «աճում-բարգավաճում է» նրա ազգուտակը: Ոմանք թեթևացած շունչ քաշեցին, թե Փափազյանի, Խորեն Աբրահամյանի, Աճեմյանի, Արուս Ոսկանյանի, Գուրգեն Ջանիբեկյանի և մեր մյուս մեծերի թատրոնը վերածնունդ կապրի ու կծաղկի: Մանավանդ մշակույթի նախարարությունը գնաց ոչ տրադիցիոն ճանապարհով’ որոշեց նոր գեղարվեստական ղեկավար չնշանակել, թատրոնը բացել բոլոր բեմադրիչների առաջ, դարձնել ազատ բեմ, որ բոլոր շնորհալիները բեմադրելու հնարավորություն ստանան, ինչի արդյունքում կշահեն մշակութային կյանքն ու հանդիսատեսը: Բայց տարիներն անցնում էին, իսկ նոր ներկայացումներ կամ չէին հայտնվում, կամ դրանք այնքան գորշ էին, որ ոչ մշակութային կյանքն էր հարստանում, ոչ հանդիսատեսն էր ինչ-որ բան նկատում: Մոտ 10 ամիս առաջ վերջապես մշակույթի նախարարությունը հասկացավ, որ Սունդուկյանին, այնուամենայնիվ, գեղարվեստական ղեկավար է հարկավոր, և նշանակեց Տիգրան Գասպարյանին: Ոչինչ, որ վերջինս հանրությանը հայտնի էր միայն սերիալներում իր խաղացած դերերից, նրա առաքելությունը Սունդուկյան թատրոնի վերածնունդը, ստեղծագործական մթնոլորտի, շնորհալի երիտասարդների վաղուց խոստացված մուտքը թատրոն ապահովելն էր: Ավաղ, պետք է արձանագրենք, որ 10 ամսվա ընթացքում թատրոնում ընդամենը երկու գործ է բեմադրվել, որոնցից մեկին անգամ ՀՀ նախագահի ներկայությունն ապահովել են, բայց թատերական բում ապահովել չեն կարողացել: Նոր անուններ թատրոնում չեն հայտնվել: Ավելին’ թատրոնում մթնոլորտն այնքան է փչացել, որ աշխատակազմը բաժանվել է անհաշտ թևերի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում