«Հրապարակ». «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` ՀԱԿ ընդդիմություն
Նմանատիպ
Ազգային ժողովում «ՀԱՊԿ անդամ պետություններում ոչ անդամ պետության կողմից ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու» մասին արձանագրության քվեարկությունից հետո, երբ ՀԱԿ երկու պատգամավորները’ Լյուդմիլա Սարգսյանը և Գագիկ Ջհանգիրյանը, կողմ քվեարկեցին դրան, «Հրապարակին» տեղեկություններ էին հասել, թե ՀԱԿ քաղխորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է քվեարկության ժամանակ ՀԱԿ «որոշ պատգամավորների» պահվածքը, և այդ հարցն առաջ է քաշելու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Թերթը տեղեկացել է նաև, որ այդ հարցը, ըստ կարգի, նախապես չի քննարկվել քաղխորհրդի նիստում: ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո թերթի լրագրողին ասել է. «Ճիշտն ասած’ ես քաղխորհրդի վերջին նիստին չեմ մասնակցել, տեղյակ չեմ, բայց, այնուամենայնիվ, դրա նախորդ նիստում որոշում է ընդունվել, որ այն պայմանագրերը, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք աշխարհաքաղաքական որոշակի նշանակություն ունեն, պետք է քննարկվեն ՀԱԿ քաղխորհրդում, ինչը չի եղել, այդ օրենսդրական նախագիծը քաղխորհրդում նախապես չի քննարկվել»: Սակայն երեկվա նիստում Մակեյանը հարցը չի բարձրացրել’ դա արդեն «ժամանակավրեպ» համարելով. «Երեք շաբաթ արդեն անցել էր, և հարցը բարձրացնելը կարծես անիմաստ կլիներ: Մենք, այնուամենայնիվ, հրապարակավ մեր տեսակետը հայտնել ենք և ասել ենք, որ դեմ ենք Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմանը»: Թերթի հիշեցմամբ, ըստ այդ արձանագրության, ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման համար այժմ անհրաժեշտ կլինի ՀԱՊԿ մյուս անդամների համաձայնությունը: «Հրապարակը» նշում է նաև, որ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ընդհանրապես չի քվեարկել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում