«Առավոտ». Երկու դատավարություն. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում’ փուչիկների և «Հարսնաքարի», և երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, «սիրտս կախ է»: Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել’ եթե դուք խանութում անորակ կոստյում եբ գնել, ո՞վ է դրա համար մեղավոր’ դո՞ւք, թե՞ վաճառողը: Զուգահեռն, ինձ թվում է, կոռեկտ չէ. եթե ես կոստյում եմ գնում ի´նձ համար, ապա, այո, դա իմ և վաճառողի խնդիրն է: Եթե ես որևէ ապրանք գնում եմ հազարավոր մարդկանց համար, ապա ես պարտավոր եմ ստուգել այդ ապրանքի որակը և անվտանգության աստիճանը: Եթե դա չեմ արել, ապա առնվազն վաճառողի մեղսակիցն եմ: Եվ այստեղ ի հայտ է գալիս երկու հարց: Նախ’ եթե գնորդը գիտեր, որ ապրանքը վտանգավոր է (այդպես է ասում Սերոբ Բոզոյանը) և, այնուամենայնիվ, այն գնել է, ուրեմն նա ավելի մեծ հանցագործ է, քան անբարեխիղճ արտադրողն ու վաճառողը: Երկրորդ’ եթե նրան տվել են 100 ռուբլի այդ ապրանքը գնելու համար, իսկ նա գնել է 20 ռուբլիանոց ապրանք, ուրեմն նա նաև խարդախ է: Ինձ չի հետաքրքրում, թե որ կուսակցությունից է այդ գնորդը, բայց քանի որ նա ամբաստանյալի աթոռին չէ, պետք է ենթադրեի որ այդ չբացահայտված անձը (անձինք, կազմակերպությունը) մոտ է իշխանական համակարգին: Այս գործով տուժածները շատ պասիվ են, դրա համար էլ հեշտությամբ հաջողվեց իրականությունը կոծկել և պատժել սլաքավարի:
«Հարսնաքարի» գործով աղմուկն ավելի շատ է’ կան հասարակական ակտիվիստներ, որոնք հետևում են դատաքննության բոլոր ելևէջներին: Չնայած դրան’ այստեղ էլ առանձնապես ոգևորվելու պատճառներ չկան: Օրինակ’ երեկ դատախազը ընդամենը «հետաքրքրասիրություն» համարեց տուժող կողմի փաստաբանների միջնորդությունը’ պարզել’ հանցագործությունը կատարած անձինք «Հարսնաքարի» աշխատակիցնե՞րն են, թե՞ ոչ: Ուրեմն մարդիկ գնում են ռեստորան, որտեղ նրանց սպասարկելու փոխարեն ծեծում-սպանում են, սակայն ամենևին կարևոր չէ’ սպանողները այդ ռեստորանի աշխատակիցնե՞ր են, թե՞, օրինակ, այցելուներ: Դատավարության նման ընթացքը հուշում է ինձ, որ այստեղ ոճրագործներն իրենց գլուխը կազատեն խորհրդանշական պատիժներով, և գործն ամբողջությամբ չի բացահայտվի:
Ի տարբերություն այդ գործին հետևող հասարակական գործիչների’ ես չեմ կարծում, որ դատարանի կամ մեղադրողի, կամ դատավորի վրա ճնշում է գործադրվում: Այստեղ, ինձ թվում է, գործում է մտածողության իներցիան: Այդ մարդկանց թվում է, թե իրենց կարող են ինչ-որ մի պահի ճնշել, և նրանք, շառից-փորձանքից հեռու, գերադասում են «իրենց ճիշտ պահել»’ մտածելով, որ այդպիսով կհաճոյանան «վերևներին»: Գուցե մեկը նրանց բացատրի՞, որ ժամանակները փոխվել են»: