Ընդունվել է նոր ՀԴՄ-ների մասին նախագիծը
Նմանատիպ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, դրա ընդունման անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենքի պահանջներով:
Մասնավորապես, համապատասխան օրենքի համաձայն 2013թ. հունվարի 1-ից արդեն իսկ ամսական ԱԱՀ վճարողները պարտավոր են կիրառել նոր ՀԴՄ-ներ: «Որպես ամսական ավելացված արժեքի հարկ վճարողներ ճանաչվում են այն տնտեսվարող սուբյեկները , ովքեր նախորդ օրացուցային տարվա ընթացքում ունեն ավելի քան 100 մլն դրամ հասույթ»,-ասել է Վախթանգ Միրումյանը : Ըստ նրա’ նոր ՀԴՄ-ները կունենան օրական դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին փոխանցելու հնարավորություն:
Բանախոսը նշել է, որ նոր ՀԴՄ-ների ներդրումը լուծում է հարկային հասույթների հաշվառման խնդիրը, մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում: «Այսինքն’ նոր ՀԴՄ-ների ներդրումը նախևառաջ պետք է լուծի ֆիսկալ հասույթների պաշտպանվածության խնդիրը տնտեսվարող սուբյեկտների մոտ»,-ասել է Վախթանգ Միրումյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում