Ձեր Աստվածն էլ թող ձեզ հաց տա. Նուբարաշենում խաղարկվեց փախստականների ընդունման և ամբոխների կառավարման սցենար (տեսանյութ, ֆոտո)
Նմանատիպ
«Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության շրջանակում Նուբարաշենում խաղարկվեց փախստականների ընդունման, նրանց խնդիրների կարգավորման, ամբոխների կառավարման սցենար, ինչից ելնելով տեղադրվել էին տարբեր գործառույթներ իրականացնող վրանային կետեր՝ օպերատիվ-քննչական, ֆիլտրացիոն և այլն: Տարբեր երկրներից ժամանած պայմանական փախստականները համապատասխան ստացան համապատասխան իրավաբանական աջակցություն, բուժօգնություն և այն ամենը, ինչը պահանջում է մարդասիրական օգնությունը: Ձեռնարկվել էին նաև հակահամաճարակային միջոցառումներ՝ օդի, սննդի, ջրի ստուգման տարբերակով:
ՀՀ Ոստիկանությունը ստիպված էր անցնել ամբոխների կառավարման փորձության միջով, որը դրական գնահատվեց:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության փախստականների հարցերով վարչության պետ Պետրոս Աղաբաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կատարվել է այն ամենը, ինչը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին:
«Այսինքն՝ պետք է կատարվի նրանց հաշվառումը համապատասխան գրանցամատյաններում և շնորհվի պաշտպանություն: Այն անձանց, որոնց կյանքին և ազատությանը նրանց երկրներում հնարավոր է վտանգ սպառնալ, Հայաստանը կարող է ընդունել, օգնել և ժամանակավոր կացարան տալ, այլ կերպ՝ նրանք հայտնվում են ՀՀ հովանավորության տակ և չեն վերադարձվում իրենց ծագման երկիր»,-ասաց Աղաբաբյանը:
Իր հերթին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի իրավաբական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին անցկացվող միջոցառումները գնահատականեց դրական:
«Շատ կարևոր է, որ «Շանթ-2015» զորավարժության ծրագրում Հայաստանը ներառել է փախստականների մեծ հոսքի սցենարը: Այստեղ ընդգրկված են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, պատրաստվածության մակարդակը նույնպես բարձր է և տպավորիչ: Կարևոր է ոչ թե այն, թե ինչպես են ընթանում միջոցառումները, այլ ինչպես ենք նախապատրաստված այս ամենին»,-նկատեց Պոչապսկին:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը դրական գնահատեց իրենց գերատեսչության և ամբոխների կառավարման ժամանակ ոստիկանության պահվածքը:
Ավելի ուշ Նուբարաշենի տարածքում ընթացող արտագնա փակ նիստից հետո ՀՀ կառավարության մի խումբ անդամներ այցելեցին վրանային հավաքի վայր՝ ուսումնասիրելու պայմանականորեն տարբեր պետություններից փախստականների ընդունման պրոցեսին:
Վրանային ճամբար էին ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Կառավարության անդամները շրջեցին վրանների տարածքում, զրուցեցին պայմանական փախստականների հետ, որից հետո պատրաստվում էին համապատասխան զեկույց ներկայացնել Հանրապետության նախագահին:
Պայմանական փախստականներից մեկը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին տեսնելով վրդովված մի շարք խնդիրներ առաջ քաշեց.
-Մեր Ալլահը մեզ հասցրեց էստեղ, հիմա Ձեր Աստվածը չի ուզում մեզ հաց տա.
-Ձեր Աստվածն էլ թող Ձեզ հաց տա…
Իսկ Հրանուշ Հակոբյանը փախստականների մեջ հայրենադարձներ էր փնտրում:
Ի դեպ, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Նուբարաշենում ցուցադրվեց նաև, թե Հայաստանում ինչպես կգործի կապը պայմանական ռազմական դրության ժամանակ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետ Սուրեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ռազմական դրության ժամանակ համաձայն օրենսդրության, գերատեսչությունը մասնավոր եւ պետական ընկերությունների հետ է համագործակցելու` կապի եւ տեղեկատվության հարցն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում