Դեկտեմբերի 2-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին թեկնածուների առաջադրումն ավարտվել է
Նմանատիպ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին, ավարտվել է Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորության թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, վերջին օրը երկու ընտրատարածքներում առաջադրվել են երկուական թեկնածուներ: Արդյունքում’ թիվ 1-ում առաջադրված է չորս, իսկ թիվ 35-ում’ երեք թեկնածու:
Թիվ 1-ում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված է կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից’ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցության կողմից’ Արմենակ Դովլաթյանը, ինքնաառաջադրված է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:
Թիվ 35-ում ՀՀԿ-ի կողմից առաջադրված է «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը, ինքնաառաջադրված են անկուսակցական Արման Խաչատրյանը և «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Մուրադ Գրիգորյանը:
Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի’ թեկնածուների գրանցումը նախատեսված է հոկտեմբերի 18-ից 28-ը:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում մայիսի չորսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել էր ՀՀկ-ական Ռուբեն Հայրապետյանը, ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգությունից հետ հրաժարվեց մանդատից: Թիվ 35 ընտրատարածքում մայիսի չորսին ընտրվել էր Սամվել Բալասանյանը, ով ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվեց Գյումրու քաղաքապետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում