Մայր Աթոռը ներկայացված էր Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցությանը
Նմանատիպ
Հոկտեմբերի 11-ից 17-ը Հունաստանի Կոս կղզում տեղի ունեցավ Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցություն, համանախագահությամբ Սասիմայի միտրոպոլիտ Գենադիոսի (Տիեզերական Պատրիարքություն) և Միջագետքի միտրոպոլիտ Եվստաթիոս Մաթա Ռոհամի (Ասորի Ուղղափառ Եկեղեցի), ընդառաջ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի, որը տեղի է ունենալու 2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Խորհրդակցությանը, որ հյուրընկալվել էր Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության Կոսի և Նիսիրոսի միտրոպոլիտության կողմից, մասնակցում էին 37 միտրոպոլիտներ, արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ, ինչպես նաև աշխարհիկ աստվածաբաններ Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներից:
Խորհրդակցության ընթացքում լսվեցին բանախոսություններ Եկեղեցու հաղորդութենական միության, խաղաղության և մարդու իրավունքների, բնության և շրջակա միջավայրի պաշտպանության և այլ թեմաներով, ինչպես նաև քննարկվեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր:
Հոկտեմբերի 13-ին ժողովականները նաև աղոթք բարձրացրին առ Աստված Երուսաղեմի Հայոց Թորգոմ պատրիարքի հոգու հանգստության համար:
Ժողովականները մասնակցեցին նաև Կոսի Սբ. Նիկողայոս տաճարում մատուցված պատարագին, այցելեցին եկեղեցական ծխեր և հանդիպումներ ունեցան հավատացյալների հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ խորհրդակցության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից մասնակցում էր Տիկին Սալբի Էսքեջյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում