«Առավոտ». ՄԵԿ հանդուրժողականություն. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Առավոտյան աշխատանքի գնալիս ես տեսնում եմ, թե ինչպես են դպրոցներից մեկում տաքսիով բերում հաշմանդամ երեխային, որը շենք է մտնում առանձին մուտքից: Պարզ է. հաշվի է առնվում մեր մշակույթի մակարդակը’ մի քանի հարյուր դպրոցականներից և նրանց ծնողներից դժվար է ակնկալել, որ նրանք կդրսևորեն պատշաճ նրբանկատություն այդ երեխայի նկատմամբ, և միանգամայն ճիշտ քայլը’ հասարակությանը նրան ինտեգրելը չի վերածվի այդ աշակերտի համար ողբերգության: Ամերիկյան կամ եվրոպական դպրոցում նման խնդիր չէր առաջանա’ նման երեխաները բոլորի հետ շարք են կանգնում և մտնում դպրոց ընդհանուր հոսքի հետ: Որովհետև այնտեղ մնացած երեխաներին, նրանց ծնողներին և պապերին սովորեցրել են, հասկացրել են, որ մարդիկ կարող են տարբեր լինել, և այդ տարբերություններն ինքնին ոչ մի բանի մասին չեն խոսում’ ո´չ առավելությունների, ո´չ թերությունների, ամեն ինչ պայմանավորված է յուրաքանչյուր մարդու անհատականությամբ, նրա մտավոր և հոգևոր ունակություններով: Օրինակ’ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպիսի աթոռին է նստած ու ինչպես է տեղաշարժվում տվյալ գրողը կամ նկարիչը, եթե նա բարձրարժեք կտավներ է ստեղծում: Դա չի խոսում այդ մարդու ինչ-որ «հերոսության» մասին, պարզապես Աստված նրան տվել է այդ շնորհքը: Հայաստանում դա քիչ է’ չեն հասկանում շարքային մարդիկ, դա դժվարամարս է մեր իշխանավորների համար, որոնք ստորագրել են խտրականությունը բացառող եվրոպական հազարումի կոնվենցիաներ և բառերի մակարդակով կարծես թե կողմ են այդ գաղափարներին: Բայց արի ու տես’ նրանբ նույնբան տոլերանտ են, որքան Օսվենցիմի բանտապետերը, և չեն էլ կարողանում զսպել իրենց սահմանափակ մտքի «արտանետումները»: Բնականաբար, նրանք մատը մատին չեն խփում’ հաշմանդամների նորմալ տեղաշարժվելու հնարավորություններ ստեղծելու համար’ համարում են դա «ավելորդ շքեղություն»: Չեն հասկանում, որ դա պետբ է ոչ այնքան հաշմանդամներին, որքան մեզ’ բոլորիս, որովհետև խոսում է մե´ր բարոյական որակների մասին:
Ավելին’ պաշտոնյաներից հետ չեն մնում նրանք, ովքեր պետք է որ դրականորեն ազդեն հասարակական կարծիքի վրա: Բայց, այսպես կոչված, մտավորականներից քչերն են հանդգնում դեմ գնալ հոսանքին և ասել, որ կա ՄԵԿ հանդուրժողականություն’ քեզնից տարբերվող ցանկացած էակի նկատմամբ: Այդ տարբերությունը կարող է արտահայտվել ֆիզիկական առանձնահատկություններով, մաշկի գույնով, ազգությամբ, կրոնով, սեռական կողմնորոշմամբ, քաղաքական հայացքներով և այլն: Մտավորականները դա չեն ասում’ գերադասում են «միավորներ հավաքել» ամբոխի մոտ: Ռեյ Բրեդբերիի հերոսներից մեկն ասում է’ դեռ պարզ չէ, թե ով է նորմալ, իսկ ով’ աննորմալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ում է փակում վանդակում»: