«Հրապարակ». Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հանդիպումներից նոր մանրամասներ են ի հայտ գալիս
Նմանատիպ
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հանդիպումների և բանակցությունների մասին: Ինչպես հայտնի է’ խոսքը գնում է առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման և նախագահական ընտրություններից հետո նրա զբաղեցնելիք տեղի մասին: Մի քանի տարբերակներից, որոնք քննարկվում են, իշխանությունը հակված է նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին’ դրա դիմաց ստանալով մի քանի պորտֆել: Այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում’ խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին: Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ’ վարչապետի առաջարկությամբ երկրի նախագահը փոխվարչապետ է նշանակում նախարարներից մեկին, որը կարող է փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Ընդամենը: Ասել է թե’ փոխվարչապետի ինստիտուտն այսօր խիստ հայեցողական է, նաև’ անպորտֆել, չունի աշխատակազմ, մեծ լիազորություններ, մեծ բյուջե: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին: Նաև խոսք է գնում այսօր կառավարության տանիքի տակ հավաքված ԾԻԳ-երի’ փոխվարչապետի կառավարման տակ փոխանցելու մասին: Եվ քանի որ նոր լիազորություններ կառավարությանը հնարավոր է և չտրվեն, սա փաստացի կարող է նշանակել, որ կառավարությունը կարող է կիսվել երկու մասի, ինչն էլ ապագա խորհրդարանական կառավարման հիմք կարող է դառնալ’ միաժամանակ դառնալով նաև քաղաքական ֆակտոր, այն է’ Արևմուտքին ասեն, որ պահում ենք ձեր . ցանկալի վարչապետին, ի դեմս Տիգրան Սարգսյանի, Ռուսաստանին էլ’ որ կառավարությունում, ի դեմս ԲՀԿ ներկայացուցչի, ունեք ծանրակշիռ ու որոշիչ փաթեթ’ լուրջ լիազորություններով և կարգավիճակով: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, ապա փորձագետները կարծում են, որ հանրաքվեն կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ համատեղ, հենց նույն օրը’ փետրվարի 18-ին: Ի դեպ, Սահմանադրության ոչ իմպերատիվ հոդվածներում փոփոխությունների անցկացման համար սահմանվում է 40-60-օրյա ժամկետ’ նախագահի կողմից հանրաքվեի մասին հրամանագրի ստորագրումից հետո: Այնպես որ, ամենակոշտ հաշվարկով’ այդ հրամանագիրը նախագահը կարող է ստորագրել դեկտեմբերի կեսերից մինչև ամսվա վերջ, որից առաջ, սակայն, պետք է, «ստորագրված» լինի «սպասվող» հուշագիրը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև’ «գործող նախագահի» պաշտպանության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում