Ջհանգիրյանն առաջարկեց հետաձգել Զարուհի Փոստանջյանի նախագիծը

Ջհանգիրյանն առաջարկեց հետաձգել Զարուհի Փոստանջյանի նախագիծը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև մեկ տարով հետաձգեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը:

Նախագծով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերով հարուցված քրեական գործերը, կապահովի դրանց թափանցիկությունը: Հիմնական զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ կան շատ դեպքեր, երբ խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերով հարուցված քրեական գործերը անաչառ քննության չեն ենթարկվում և հետո կասեցվում են:

«Ես քննարկմանը հրավիրել եմ նաև զոհված զինծառայողների ծնողների, ովքեր պնդում են, որ իրենց զավակներին ծառայության ընթացքում սպանել են, սակայն մեղավորներն այդպես էլ անպատիժ են մնացել, իսկ քրեական գործերը կասեցվել են: Նախագծով ես առաջարկում եմ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ քրեական գործերը, պատգամավորներին հնարավորություն կտա իրենց լիազորությունների շրջանակներում հարցումներ ուղարկել համապատասխան մարմիններին, տեղեկություն ստանալ քրեական գործերի վերաբերյալ: Այս դահլիճում ներկա ծնողներն էլ ունեն փաստեր, որոնք դատարանում հաշվի չեն առել, մենք հնարավորություն կունենանք ուսումնասիրել նաև այդ փաստեր ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փոստանջյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ գաղափարը շատ լավն է, սակայն ներկայացված նախագծում կան բազմաթիվ խմբագրական սխալներ, որոնք շտկելու կարիք ունեն:

«Ես առաջարկում եմ հետաձգել նախագիծը, որովհետև այս տեսքով չենք կարող այն քվեարկել: Կան խմբագրական սխալներ, իրավական ձևակերպումները ճիշտ չեն: Ես պատրաստ եմ աշխատել հեղինակի հետ, որպեսզի շտկենք այդ սխալները և կրկին քննարկել, որովհետև գաղափարը լավն է և շատ կարևոր»,- ասաց Ջհանգիրյանը:

Պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ընդգծեց, որ ողջունում է գաղափարը, սակայն նախագիծը փոփոխությունների կարիք ունի:

«Ես արդեն հանդիպել եմ զոհված զինծառայողների ծնողների հետ, զրուցել եմ նրանց հետ: Այս հարցով ես զրուցել եմ նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, ով ողջունել է գաղափարը և պատրաստակամություն հայտնել խնդրին լուծում տալ»,- նշեց Սահակյանը՝ առաջարկելով Փոստանջյանին հետաձգել նախագիծը և փոփոխելուց հետո կրկին ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:

Նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը ընդունեց, որ նախագիծը թերություններ ունի և շտկումների կարիք կա: Նա համաձայնեց նախագիծը մինչև մեկ տարով հետաձգելու առաջարկի հետ՝ պատգամավորներին կոչ անելով աջակցել համապատասխան փոփոխություններ անելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում