Times.am գործակալության գլխավոր խմբագրի հայտարարությունը
Նմանատիպ
Քիչ առաջ իմացա, որ որոշ լրատվամիջոցների և էլեկտրոնային «համայնքների» ներկայացուցիչներ մեղադրում են ինձ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի դեմ քարոզչություն կազմակերպելու և «կեղտոտ պատվերներ» իրականացնելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու հիմք են հանդիսացել Facebook սոցիալական կայքում ակտիվ օգտագործվող այն կեղծ օգտատերերից մեկի գրառումները, որը ժամանակին տարածել է նաև Times.am կայքի նյութերը: Իրավիճակն ընկերներիս համար պարզաբանելու նպատակով տեղեկացնում եմ, որ.
ա) ոչ միայն Լևոն Զուրաբյանը, այլև ՀԱԿ-ի մնացած բոլոր ակտիվիստները մշտապես եղել և շարունակելու են մնալ իմ քննադատությունների կենտրոնում, քանի որ նրանց քաղաքական ծրագիրը, արժեհամակարգն ու գործունեություն ինձ համար բացարձակ ընդունելի չեն:
բ) այն փաստը, որ հիշատակված կեղծ օգտատերը ժամանակին զբաղված էր իմ կողմից ղեկավարվող լրատվամիջոցի նյութերի և իմ մտքերի տարածմամբ, կարող է պայմանավորված լինել սոցիալական կայքերում Times.am-ի առաջխաղացմանն ուղղված մեր նախկին հանձնարարականներով: Տարբեր ժամանակներում նման պատվեր մենք տվել ենք տարբեր մասնագետների և չեմ բացառում, որ պատվերի ավարտից հետո իրենց «օգտատերերին» նրանք օգտագործել են սեփական քարոզչության կամ այլ պատվերներ իրականացնելու նպատակով:
գ) Facebook սոցիալական կայքում բացի իմ սեփական հաշվից այլ հաշիվ չունեմ: Times.am լրատվական կայքը նույնպես FB-ում ունի միայն մեկ պաշտոնական էջ: Օգտվելով առիթից, բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հավանել այդ էջը, կոչ եմ անում դա անել հիմա:
դ) ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ միշտ խուսափել եմ քաղաքական բանավեճերը անձնավորելու և վիրավորանքների մակարդակին հասցնելուց: Նրանք նաև գիտեն, որ լրատվական ու հասարակական գերծանրաբեռնված գործունեությունս իմ հասցեին ուղղված տարբեր տեսակի հիմարություններով զբաղվելու ժամանակ չի թողնում:
Այսքանին ավելացնեմ, որ Facebook-ում կարող են լինել շատ ուրիշ օգտատերեր, որոնք կարդում, մեկնաբանում և տարածում են իմ և Times.am-ի նյութերը: Կարծում եմ, առողջ հոգեբանությամբ մարդիկ պետք է հասկանան, որ մենք չենք կարող պատասխանատվություն կրել մեզ համակրող բոլոր մարդկանց արած/չարած գործերի համար:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Times.am գործակալության գլխավոր խմբագիր