Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան
Նմանատիպ
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը: Օրակարգի նախագծում ընդգրկված է 63 հարց, այդ թվում’ 12 միջազգային պայմանագիր:
Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը, օրակարգային հարցերի թվում են նախորդ քառօրյայի վերջին օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը և 2011 թ.-ի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում, ԱՊՀ շրջանակներում, ստորագրված երկու համաձայնագրեր, որոնք ենթակա են միայն քվեարկության:
Իսկ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս քառօրյայի նախագծի օրակարգում է նաև «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից:
Դրանց ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր’ «5-աստղանի դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությունից:
Կառավարությունը գտնում է, որ 5-աստղանի որակավորման կարգը գերազանցող «5- աստղանի դելյուքս» որակավորման կարգի ներդրումը և դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաև առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Օրակարգում ներառված հարցերի թվում են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ուրբաթ օրը քննարկված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը:
Որոշվել է սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորող փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում