Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահ չի դառնա, 1998-99-ին եղած քաղաքական առճակատման հնարավորությունն էլ կկանխվի (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահ չի դառնա, 1998-99-ին եղած քաղաքական առճակատման հնարավորությունն էլ կկանխվի (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը չի հավակնում  Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, եթե  անցում ենք կատարում  կառավարման  խորհրդարանական համակարգին: Այս մասին խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկմանը հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով  ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն  Զուրաբյանի մեղադրանքին, թե կեղծ տեղեկություն է տարածել:

«Ես Ազգային ժողովին և հանրությանը կեղծ տեղեկություն չեմ հաղորդել: Դա հայտնի փաստ է, ՀՀ նախագահը  հաստատել է տարբեր կանալներով, որ չի հավակնում»,- շեշտեց  Պողոսյանը:

Լևոն Զուրաբյանի՝  կառավարման ձևի փոփոխման անհրաժեշտության իշխանությունների կողմից բերվող փաստարկների մասին հարցին էլ, որտեղ  հիշատակվում էր Հոկտեմբերի 27-ը, Վարդան Պողոսյանը պնդեց, թե ՀՀ-ում եղել են ժամանակներ, երբ կիսանախագահական համակարգը կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել,  այժմ փորձում են խուսափել  նման կոնֆլիկտածին  իրադրություններից:

«Առաջին ճգնաժամը, որի մասին ես խոսել եմ, դա Հայաստանի առաջին նախագահի հրաժարականն էր, ով պնդում էր, որ դա ոչ թե իր կամքով է անում, այլ ճնշումների ներքո: Կառավարման խորհրդարանական համակարգում նման իրավիճակներ չեն կարող առաջանալ, քանի որ եթե  մեծամասնությունը համաձայն չէ իր քաղաքական լիդերի՝ կառավարության ղեկավարի քաղաքականության հետ, ապա կարող է քաղաքակիրթ ձևով անվստահություն հայտնել այդ վարչապետին և ընտրել նոր վարչապետ»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ 1999-ին առաջացել էր առճակատում  ՀՀ նախագահի և  խորհրդարանական մեծամասնության միջև, որը տևել է մինչև 2000 թվականը:

Վարդան Պողոսյանի դիտարկումների հետ տեղից չհամաձայնեց Հրանտ Բագրատյանը, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ նա տվյալ պահին հարցի ու ելույթի իրավունք չունի, այնուհետ Բագրատյանին նկատողություն արեց  Հայկ Բաբուխանյանը, ինչը հանգեցրեց լեզվակռվի:

«Ավելի լավ է՝ երկուսդ էլ դուրս եկեք ձեր հաշիվները դրսում մաքրեք և մի խանգարեք նիստը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում