Վերաօծվել է Չկալով գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին
Նմանատիպ
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղի 1862 թ. վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն իրենից ներկայացնում է երկթեք կտուրով միանավ եկեղեցի, ժամանակի և բնական ազդեցությունների հետևանքով ֆիզիկապես մաշվել և քայքայվել էր: Կղմինդրով և ազբոշիֆերներով կառուցված տանիքի որոշ հատվածներում առաջացել էին բացվածքներ և անցքեր, որոնցից անձրևաջրերը ներս էին թափանցում, քայքայում պատերը, ողողում եկեղեցու սրահը:
Գուգարաց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ՝ արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին’ եկեղեցու փլուզումը կանխելու և սրբազան արարողություններ կատարելու նպատակով, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ’ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը անձամբ նախաձեռնել է եկեղեցու վերակառուցման հովանավորությունն ու ղեկավարել աշխատանքները’ հիմնովին փոխվել է ծածկը, ամրակայվել են հիմնապատերը, կառուցվել է խորանն ու Սուրբ Սեղանը, կատարվել են տարածքի հսկայածավալ մաքրման աշխատանքներ, սալապատվել է, պարսպապատվել է եկեղեցու և դպրոցի շրջապատը, եկեղեցուն կից վերակառուցվել է հովվատունը, քանդակազարդ շքեղ դուռը առանձնահատուկ տեսք է հաղորդել եկեղեցուն: Իրականացվել են ներքին հարդարման, կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Սույն թվականի հուլիսի 4-ին, ձեռամբ թեմակալ առաջնորդի, օծվեց և տանիքին տեղադրվել է եկեղեցու բարձրադիր խաչը:
Ըստ աղբյուրի, երկու օր առաջ ձեռամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կատարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Վերաօծման արարողությանը մասնակցել են Վանաձորի հոգևոր հովիվներ Տ. Վահան և Տ. Օհան քահանա հայրերը: Պատարագիչն էր Տ. Օհան ավագ քահանա Լուսարարյանը: Արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետը, պատգամավորներ, Կարեն Սարիբեկյանի զինակից ընկերները, հյուրեր Երևանից, բազմաթիվ ուխտավորներ, Չկալովի գյուղապետը, համայնաքապետերը, գյուղի դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ:
Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնել է բարերար Կարեն Սարիբեկյանին, գյուղի բնակիչներին և բոլոր ներկաներին’ շնորհավորելով աղոթավայրի վերաօծման առիթով, և առ ի երախտագիտություն Օրհնության գիր է հանձնել բարերարին’ նվիրելով Տիրոջ Պայծառակերպության խորհուրդը պատկերող մանրանկար:
Հավարտ սրբազան արարողության’ ներկաներին մատուցվել է երախտիքի ու գոհության մատաղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում