Սեյրան Օհանյանն այցելել է Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան

Սեյրան Օհանյանն այցելել է Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնորոգվի ու կբարեկարգվի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին սոցիալական և առողջապահական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ եղել է «Լեռնային Հայաստան»-ում, զրուցել է առողջարանում իրենց հանգիստն անցկացնող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ, ծանոթացել սենյակների վիճակին, գույքին։ Սեյրան Օհանյանը շրջել է առողջարանի ճաշարանում, նորոգված առողջարանային մասնաշենքում, որտեղ գործում են ցեխաբուժության, մերսման, ֆիզիոթերապիայի սրահներ, լողավազան, հետազոտությունների, բուժման և սպասարկումների սենյակներ։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները բարելավելու, տարածքի որոշ հատվածներում անհրաժեշտ նորոգումներ իրականացնելու, անհրաժեշտ գույքով ապահովելու և հանգստացողների ժամանցն առավել հարմարավետ կազմակերպելու համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում