«Առավոտ». Հերթական «թղթի շերեփը». խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Հրապարակախոս Միխայիլ Լեոնտևը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձևով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է. վիրավորական և արհամարհական’ դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի´ փորձեք Եվրասիական միության մեջ չմտնել: Կան նաև փաստացի անճշտություններ, օրինակ՝ Հայկական ատոմակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովի կառավարությունը’ տեղական ոչ մի ուժ ի զորու չէր դա անել: Բայց ես չեմ ուզում անդրադառնալ ոչ տոնայնությանը, ոչ էլ անճշտություններին: Խոսենք բուն գաղափարից:
Ինտեգրվե՞նք «եվրասիական ուղղությամբ»: Բայց այդպիսի փորձ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն արել են: Նրանք դեռևս Ելցինի ժամանակ ստեղծեցին «միութենական պետություն»: Դրանից այդ երկու երկրների հարաբերությունները լավացա՞ն: Թերևս’ ճիշտ հակառակը. Լուկաշենկոն պարզապես հավելյալ առիթներ է ձեռք բերել պարբերաբար «մուննաթ գալու» իր դաշնակցից, որը, իբր, նրան «քցում» է’ էժան գազ չի տալիս, պարտքերը հետ է ուզում, մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն և այլն: Եվ եթե խոսելու լինենք «կոմպլեմեն-տարիզմի» մասին, ապա «ամենակոմպլեմենտարը» հենց Լուկաշենկոն է, որը ժամանակ առ ժամանակ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ’ Ռուսաստանից ինչ-որ բաներ կորզելու համար: Ի դեպ, Լուկաշենկոյի ռեժիմը ձեռնտու է հենց Արևմուտքին, որը թեև դժգոհում է դրա ավտորիտարիզմից, միաժամանակ գաղտնի խրախուսում է այն’ հասկանալով, թե ինչպիսի խնդիրներ է հարուցում Բելառուսը իր ամենամտերիմ հարևանի համար: Աչքի առաջ ունենալով այդ տխուր փորձը’ առաջինը հենց Ռուսաստանն է, որ պիտի հրաժարվի «եվրասիական» գաղափարներից, որովհետև բացի գլխացավանքից’ դրանք ոչ մի էական օգուտ այդ պետությանը և նրա ժողովրդին չեն բերի: Որ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել այդ գաղափարները, դրա մեջ ես տեսնում եմ ինչ-որ իռացիոնալիզմ, որը, ցավոք, հատուկ է այդ պետությանը պատմության տարբեր փուլերում: Թե չէ’ կհասկանար, որ այդ միությունը, միևնույն է, կմնա թղթի վրա:
Անձամբ ինձ համար թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան և թե´ Միացյալ Նահանգները հավասարապես երկերեսանի են և փարիսեցի, բայց ինձ համար եվրոպական ինտեգրացիան ոչ թե ինչ-որ ռազմաքաղաքական կամ տնտեսական միավորի մեջ մտնելն է, այլ նախևառաջ’ աշխատելու, մարդկանց, հասարակության հետ հարաբերվելու, վերջին հաշվով’ մտածելու որոշակի մշակույթ է, որը մենք պետք է դեռ սովորենք: Դա, մասնավորապես, ճշտապահությունն է, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, որոնք հակադրվում են «եվրասիական» քաոսին:
Իսկ ամենակարևորը’ որևէ մեկի հետ ինտեգրվելու մասին մտածելուց աոաջ պետք է կոտրել մեր մեջ խորը նստած կարծրատիպը’ եթե չլինի ռուսը [եվրոպացին, ամերիկացին), թուրքը վրա կտա և մեզ կոչնչացնի: Եթե այդ կաղապարը չլինի, ապա կլուծվեն շատ խնդիրներ, այդ թվում’ ներքին»: