Դաշնակցությունում Ռուբեն Հակոբյանին չվստահելու խնդիր չունեն (տեսանյութ)

Դաշնակցությունում Ռուբեն Հակոբյանին չվստահելու խնդիր չունեն (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ  Ռուբեն Հակոբյանը դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը ու վայր դրել խմբակցության ղեկավարի լիազորությունները: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա գրառման մեջ նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի և իր մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում համատեղ թիմային աշխատանքը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ պատգամավորը պատրաստվում է լքել կուսակցությունը ու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀՅԴ համամասնական ցուցակով: Չմոռանանք, որ նա նախկինում եղել է ՀՅԴ անդամ: Արդյո՞ք նախին Դաշնակցականը ներկայացրել է դիմում՝ վերադառնալու հայրենի կուսակցություն, որտեղից ժամանակին հեռացվել է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ նման դիմում Դաշնակցությունը չի ստացել և  նման քննարկում ՀՅԴ-ում չի եղել: Ավելին՝ նրա մտադրության  մասին իմացել է ֆեյսբուքյան գրառումից և մամուլից, իսկ Դաշնակցություն  վերադարձն էլ  հնարավոր է միայն ՀՅԴ ԳՄ-ի դրական որոշման դեպքում:

«Կուսակցության շարքերը վերադառնալու կարգ գոյություն ունի և Ռուբիկ Հակոբյանը շատ լավ տեղյակ է այդ կարգից, որովհետեւ երկար տարիներ եղել է ղեկավար մարմնում: Եթե նա այդպիսի ցանկություն ունենա,ապա կդիմի և Գերագույն մարմինը կքննարկի ու կկայացնի որոշում, առանց ԳՄ-ի որոշման վերականգնել նախկին դաշնակցականի  անդամակցությունն անհնար է»-նշեց խմբակցության ղեկավարն՝ ակնարկելով, որ վստահության խնդիր չկա, քանի որ Ռուբեն Հակոբյանը երբեք չի գործել ՀՅԴ-ի դեմ, այլ շատ դեպքերում նրա գաղափարների և քաղաքական տրամաբանության  շրջանակում:

«Ռուբիկ Հակոբյանը դուրս գալով ՀՅԴ-ից ըստ էության կուսակցության դեմ որևէ քայլ չի կատարել: Նա երկար տարիներ եղել է Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ, մենք իր հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք, չվստահելու խնդիր չունենք»,-շեշտեց նա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում